Ստեղծվել են հիմնավոր նախադրյալներ ժողովրդավարության հաստատման համար. Զուրաբյան
Ընտրական օրենսգրքով կատարված փոփոխություններով ստեղծվել է հիմնավոր նախադրյալներ Հայաստանում իշխանափոխության իրականացման, լեգիտիմ իշխանության ձևավորման, ժողովրդավարության հաստատման համար,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Խոսելով 4+4+4 ձևաչափի աշխատանքների արդյունքում իրականացված փոփոխությունների մասին, մասնավորապես՝ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների պաշտոնական հրապարակում, քվեարկության և դրա արդյունքների ամփոփման ամբողջ գործընթացի տեսանկարահանում և ուղիղ հեռարձակում, ընտրակեղծարարության համար սահմանված պատժաչափերի խստացում, Լ. Զուրաբյանն ասաց, որ դրանք հնարավորություն են տալիս զրկելու իշխանություններին ընտրությունների արդյունքները շուրջ 500 հազար կեղծ քվեներով հավելագրելու հնարավորությունից, բացառելու լցոնումները, բռնությունների գործադրումը, քվեների գողությունը:
«Հաշվի առնելով նաև այն իրողությունը, որ կոռումպացված ռեժիմի նկատմամբ առկա է համընդհանուր անվստահություն, ինչի վառ ապացույցը Սահմանադրական հանրաքվեի իրական արդյունքներն են, արձանագրում ենք, որ ստեղծված են հիմնավոր նախադրյալներ իշխանափոխության իրականացման, լեգիտիմ իշխանության ձևավորման, ժողովրդավարության հաստատման համար»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
Ըստ նրա, հիմնվելով այն իրողության վրա, որ 2017 թվականի ընտրությունների արդյունքում ձևավորվելու է Հայաստանի իշխանությունը, ըստ այդմ դրանք իրենց նշանակությամբ հավասարազոր են անցյալի նախագահական ընտրություներին, Կոնգրեսը սկսում է Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական գործընթացը:
Հարակից հրապարակումներ`
- Ընտրական օրենսգիրքն ընդունվեց
- Ինչո՞ւ է պահանջվում պատասխանատվություն կեղծ հայտարարություն ներկայացնելիս. Դավիթ Հարությունյան
- ԸՕ շուրջ քաղաքական ուժերը եկել են կոմպրոմիսային լուծման. Դ.Հարությունյան
- Գնդակը ձեր դաշտում է. Դավիթ Հարությունյանը՝ ընդդիմությանը