Հայաստանը և Սերբիան կոնվենցիայի վավերացմամբ բացառում են եկամուտների և գույքի կրկնակի հարկումը
Ազգային ժողովում քննարկվում է 2014 թվականի մարտի 10-ին Երևանում ստորագրված «ՀՀ կառավարության և Սերբիայի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին» կոնվենցիան վավերացնելու հարցը:
Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշեց, որ համաձայնագիրն ապահովում է հարկերից խուսափելը կանխելու մեխանիզմներ, ինչպես նաև երաշխավորում է պայմանավորվող պետությունների անձանց նկատմամբ խտրականության բացառում:
«Մասնավորապես, համաձայնագրով պայմանավորվող պետությունների հարկային մարմինների միջև նախատեսվում է համագործակցության հաստատում: Այսպիսի համագործակցությունը նախատեսում է կրկնակի հարկման և հարկային օրենքների կիրառմանը վերաբերող վիճելի հարցերի կարգավորման հնարավորություն, ինչպես նաև տեղեկատվության փոխանակում հարկերից խուսափելը կանխելու նպատակով»,- ընդգծեց ֆինանսների նախարարի տեղակալը:
Նրա խոսքերով՝ կոնվենցիայի կնքումը հնարավորություն կտա զարգացնելու երկու պետությունների միջև ապրանքների և ծառայությունների շրջանառության ավելացումը, կապիտալի, տեխնոլոգիայի, մարդկանց շարժը, ինչպես նաև կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը:
Կոնվենցիան սահմանափակում է Սերբիայի ռեզիդենտների կողմից Հայաստանում իրականացված ձեռնարկատիրական գործունեության ստացված եկամուտների՝ Հայաստանի հարկման իրավունքը: Հայաստանը կարող է հարկել այդպիսի եկամուտը միայն այն դեպքում, երբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացվում է ՀՀ-ում մշտական հաստատվելու միջոցով՝ այդ մշտական հաստատությանը վերագրվող եկամտի չափով:
Արմեն Հայրապետյանը նշեց, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում սահմանվում է ՀՀ տարածքում գործող անշարժ գույքից ստացվող եկամտի հարկման կարգը, որի համաձայն Սերբիայի ռեզիդենտի՝ ՀՀ-ում գտնվող անշարժ գույքից ստացվող եկամուտը կարող է հարկվել Հայաստանում:
Կոնվենցիայով Հայաստանը ձեռնպահ է մնում միջազգային փոխադրումներում Սերբիայի ռեզիդենտների կողմից՝ նավերի, օդանավերի կամ ավտոճանապարհային փոխադրումների շահագործումից ստացված շահույթը հարկելուց: Այսինքն՝ այդ շահույթը ենթակա է հարկման միայն Սերբիայում:
Փոխնախարարը նշեց նաև, որ Կոնվենցիայով սահմանվում է պայմանավորվող պետությունների միջև շահաբաժինների հարկման կարգը, որի համաձայն ՀՀ ռեզիդենտ ընկերության կողմից Սերբիայի Հանրապետության ռեզիդենտին վճարված շահաբաժինները կարող են հարկվել Հայաստանում՝ ՀՀ օրենքին համապատասխան:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե որքան է կազմում Հայաստան-Սերբիա առևտրաշրջանառությունը. «Մի քիչ վիճակագրությունը ներկայացրեք, Սերբիայից Հայաստան կամ Հայաստանից Սերբիա ի՞նչ գործունեություն կա, ի՞նչ ներդրումներ են կատարվում, ունե՞նք համատեղ ձեռնարկություններ, որքա՞ն են կազմում արտահանում-ներկրումը, որպեսզի հասկանանք՝ այս համաձայնագիրը պրոֆիլակտիկ բնո՞ւյթ է կրում, թե՞ կոնկրետ ակտիվացում կա, ու դրանից ելնելով՝ ուզում ենք կրկնակի հարկման խնդիրը կարգավորել»։
Ֆինանսների փոխնախարարը նշեց, որ 2015 թվականին Սերբիայի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը շատ փոքր է եղել՝ 2.8 միլիոն դոլար, որը մեր ընդհանուր առևտրաշրջանառության մեջ կազմում է 0.06 տոկոս: «Առևտրային հաշվեկշիռը բացասական է, այսինքն՝ մենք նրանցից ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում, բայց մեր արտահանման տեմպը դեպի Սերբիա 2015 թ-ին աճել է 5.5 տոկոսով»,- ասաց Արթուր Հայրապետյանը:
Թե ինչո՞ւ են գնում այդ քայլին, փոխնախարարն ասաց՝ հիմնական խնդիրն այն է, որ երկիրը փորձում է տնտեսական կապերը զարգացնել բոլոր հնարավոր գործընկերների հետ։
Արթուր Հայրապետյանը հայտնեց, որ 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանն արդեն 41 երկրի հետ ունի կրկնակի հարկման համաձայնագրեր։ Հիմնական թիրախը եղել է եվրոպական երկրների հետ կնքելը, միայն Պորտուգալիայի հետ դեռ չեն բանակցել, մյուս բոլոր եվրոպական երկրների հետ կամ բանակցել են, կամ գտնվում են վավերացման փուլերում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին