Մայրն ամբողջ կյանքն ամաչեց նորածին որդու մասին առաջին մտքից
Երբ ավստրիալացի Ռոբերտ Հոգը լույս աշխարհ եկավ, մայրը մեծ դժվարությամբ կարողացավ իրեն ստիպել որդու դեմքին նայել: Մի ամբողջ շաբաթ կինը մնաց ծննդատանը, հրաժարվում էր երեխային իր ձեռքը վերցնել ու տուն տանել:
«Նա այնքան տգեղ է»,-բուժքրոջը լացելով ասել է կինը:
Նա որոշել էր՝ երեխայից հրաժարվում էր: Նույնիսկ ցանկություն էր հայտնել, որ երեխան մինչև ծնվելը մահացած լիներ:
Ռոբերտը ծնվել էր՝ դեմքին մի հսկա մսագունդ, չզարգացած ոտքերով ու մի քանի այլ արարտներով: Նրա ծնունդից 44 տարի է անցել, ու ոչ ոք չի կարող պատկերացել, թե ինչպես են փոխվել որդու և մոր հարաբերությունները, որոնք սկսել էին մոր՝ որդու մեռած ծնվելու ցանկությամբ: Ողջ կյանքը Ռոբերտը երախտիքի խոսքեր էր հայտնում մորը, որ ուժ է գտել հաղթահարելու շոկը: Ռոբերտի ոգեշնչողը մայրն է:
Մոտ մեկ ամիս Ռոբերտը մերժված երեխա էր: Ընտանիքն ամբողջ կազմով հավաքվեց՝ մոր հետ խոսելու համար: Դրանից հետո միայն մայրն իր հինգերորդ երեխային տուն բերելու որոշում կայացրեց: Տարիներն անցնում էին, տղան մեծանում էր: Շուտով մայրը սկսեց նայել երեխայի անդուր դեմքին, սիրեց նրան:
Մինչ պլաստիկ վիրահատությունը կզարգանար, ընտանիքը հասկացավ, որ իր արտաքինի պատճառով Ռոբերտին ամբողջ կյանքում կծաղրեն: Ընտանիքի բոլոր անդամները պաշտպանում էին կրտսեր երեխային: Առաջին հնարավորությունն իսկ օգտագործեցին, գտան մի վիրաբույժ, ով համաձայնեց հեռացնել տղայի դեմքի մեծ ուռուցքը: Դրա համար բժիշկը ստիպված էր ամբողջությամբ հեռացնել նրա քիթը, հետո՝ վերականգնել:
Ռոբերտի երկու ոտքերն էլ զարգացած չէին: Այդ արատը բժիշկներն այդպես էլ վերացնել չկարողացան: Ընտանիքը որոշեց՝ երկու ոտքն էլ ամպուտացիայի ենթարկել, որպեսզի տղան կարողանա պրոթեզների միջոցով քայլել:
Մի օր Ռոբերտը գտնում է մոր օրագիրը: Այնտեղ մայրը գրի էր առել սեփական մտքերը, բժիշկների խորհուրդները: Երբեմն հուսահատության պահերին նա գրել էր ամեն բան, ինչ մտածում էր նորածին որդու մասին. «Նրա նկատմամբ ոչինչ չեմ զգում»:
Այդ խոսքերը դիպան Ռոբերտի սրտին: Միտքը, որ մայրը ցանկացել է ազատվել իրենից, հանգիստ չէր տալիս նրան: Շատ տարիներ անց նա պատմել է, որ երկար ժամանակ տանջվել է՝ հասկանալով, որ բեռ է հարազատ մոր համար: Բայց մի օր ստիպել է ինքն իրեն ամեն ինչին նայել այլ կողմից:
«Մի ինչ-որ պահի ամեն ինչ կարծես իր տեղն ընկավ: Ես մտածեցի՝ իմ կյանքը նման է կինոյի: Դրանում այնքան տխուր պահեր կան: Բայց այն անպայման երջանիկ վերջաբան է ունենալու»:
Այսօր 44-ամյա Ռոբերտը հայտնի ու հաջողակ մարդ է, մոր մասին խոսում է ամենաջերմ բառերով՝ հիասքանչ, սիրող ու հոգատար:
Նա կնոջ՝ Քեթի հետ ապրում է Ավստրալիայում: Նրանք դաստիարկում են երկու դուստրերին, որոնց հայրը պաշտում է:
Չնայած իր տեսքին ու ոտքերի բացակայությանը, Ռոբերտը երբեք զիջումների չի գնացել: Նա կրթություն է ստացել, աշխատել որպես լրագրող: Այսօր հայտնի գրող է:
2013-ին լույս է տեսել նրա ինքնակենսագրությունը: Այն վերնագրված էր «Զզվելին» (Ugly): Իր գրքերում ու ելույթներում Ռոբերտը ձգտում է սեփական փորձով ցույց տալ, թե ինչքան ենք մենք կախված այն բանից, թե ինչ են մտածում մարդիկ մեր արտաքին տեսքի մասին, թե ինչպես դա կարող է ոչնչացնել մեզ:
«Տեր կանգնեք ձեր դեմքին». այսպես է կոչվում Ռոբերտի ելույթը TEDx հայտնի ծրագրի շրջանակում:
Ռոբերտը խոստովանում է՝ իրեն հաճախ են առաջարկել փոխել դեմքը: Բայց հաջողակ գրողն ու երջանիկ հայրիկը չի հասկանում՝ ինչի համար է դա իրեն պետք: Ինքն առանց դրա էլ հասել է այն ամենին, ինչի մասին երազել է: Կարևորը, ինչպես վստահեցնում է Ռոբերտը, մտերիմների աջակցությունն է: Դրա առկայության դեպքում ամեն ինչ հնարավոր է: Նա անսպառ երախտապարտ է մորը, որ իրեն տուն է տարել ու հնարավորություն ընձեռել գրել երջանիկ վերջաբան իր կյանքի սյուժեի համար:
Figase.su-ում հրապարակված այս պատմությունը թարգմանելիս մտքումս անընդհատ «Բարի մամա» ֆեյսբուքյան խմբում հաճախ հայտնվող գրառումներն են, որ հերթական անգամ մայրը, ընտանիքը հրաժարվել են արատներով ծնված երեխայից:
Վերջին դեպքն այսօր էր: Մարինային չի հաջողվել մորը հակառակը համոզել՝ չնայած բարիների անունից խոստացել է ամենամսյա աջակցություն: Այս աղջնակին կտեղափոխեն մանկատուն: Հետագա հնարավոր հաջողությունների համար նա ուրիշ մամաներին երախտիքի խոսքեր կասի (Լալա Տեր-Ղազարյան, panorama.am):