Պատգամավորին հետաքրքրում է կատարողականի 2500 դրամ ծախսի անատոմիան
Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգիրքը, որը պատրաստվում ենք ներկայացնել Ազգային ժողով, մեծամասամբ մեր քաղաքացիներին հուզող խնդիրների ճնշող մեծամասնությանը լուծում կտա, նաև այն առումով, որ խոսքը կվերաբերի քաղաքացու ֆինանսական, նյութական վիճակով պայմանավորված տուգանքների գանձումներին,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Ըստ նախարարի պնդման՝ սա չափազանց կարևոր նշանակություն կունենա, որ հնարավոր կլինի տարբերակված մոտեցում մտցնել:
ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանն ուզում էր իմանալ կատարողական գործողությունների կատարման 2500 դրամ ծախսի անատոմիան, հարցով դիմեց նախարարին. «Մանրամասն նկարագրեք՝ ի՞նչ է անում հարկադիր կատարողը, որ մեր քաղաքացիներից 2500 դրամ է գանձում: Շատ չի՞ թվում այս թիվը, նույն ծառայությունը մասնավոր ընկերությունը 300 դրամով կարող է անել»:
Ա. Հովհաննիսյանն ասաց, որ կատարողական ծախսի մասով գուցե դնեն վերանայման խնդիր:
«Բայց սա պետության կողմից կատարված նվազագույն ծախսն է, որը սահմանված է բոլոր կատարողական վարույթների համար»,- ասաց արդարադատության նախարարը: