Գրագետ նախագիծ եք բերել, բայց այն դրվելու է նախագծերի հերթական դարակում. Նաիրա Զոհրաբյան
«Շատ լավ, գրագետ նախագիծ եք բերել, բայց այն դրվելու է նախագծերի հերթական դարակում և կյանքի չի կոչվելու»,- այս մասին այսօր Ազգային ժողովում «Զբաղվածության մասին» օրենքում և Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նշենք, որ օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական հիմնարկներում գտնվող, ինչպես նաև քրեական պատիժների համար ազատազրկման կամ այլ պատժի դատապարտված անձանց համար մասնագիտական ուսուցման իրավունքի և այդ իրավունքի իրականացման համար մեխանիզմների ամրագրմամբ:
Նրա խոսքերով՝ նախագծի քննարկման ժամանակ փոխնախարարը Սուրեն Քրմոյանը չնշեց, թե ծրագրի իրականացման համար որտեղից են այդ գումարը հատկացնելու՝ պետբյուջեից, թե արտաբյուջետային աղբյուրներից:
Պատգամավորը նշեց, որ Արդարադատության նախարարության կողմից ԱԺ բերված օրինագիծը տպավորություն է ստեղծում, թե Հայաստանում բոլորն աշխատանք ունեն, մնում է աշխատանքի հարցը լուծեն նաև կալանքից ազատված դատապարտյալների համար ու «վերջ, բոլորը կլինեն գոհ ու երջանիկ»:
«Հասկանում եմ, որ մարդասիրական առումով փայլուն նախագիծ է: Եկեք մի հատ էլ նախագիծ բերենք, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է պարտադիր ունենան արժանապատիվ աշխատավարձ, ապահովված լինեն աշխատանքով»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքերով՝ դատապարտյալներն առաջին հերթին շնորհակալ կլինեն, եթե հնարավորություն ունենան հարազատների հետ սկայպով խոսեն, կարողանան ինքնակրթվել էլեկտրոնային գրքերով:
Հարակից հրապարակումներ`
- Երեք տարի է չի լուծվում դատապարտյալների՝ հարազատների հետ սկայպով շփվելու հարցը. Նաիրա Զոհրաբյան
- Դատապարտյալը ևս մեկ իրավունքի անհրաժեշտություն ունի. Սուրեն Քրմոյան