Ս.Մինասյան. Մոտենում է նախընտրական քարոզարշավի իրական փուլը
«Դեռևս վաղ է որևէ եզրակացություն անել կառավորության գործունեության վերաբերյալ, բայց հասարակության մեջ աննախադեպ մեծ ուշադրության կա այդ գործընթացի նկատմամբ, սպասումներն ու հույսերը բավականին բարձր են»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ըստ նրա, թվում է, թե հասարակության մոտ տպավորություն է, որ իսկապես նոր վարչապետն ուզում է կտրուկ քայլեր անել, այդ առումով որոշ բաներ նկատվում են, բայց մյուս կողմից դժվար է որևէ ձևով հստակ ասել՝ արդյոք կա գործընթացի սկիզբ, թե փորձ է և այդքան էլ խորը չի գնալու:
Խոսելով քաղաքական գործընթացների մասին, քաղաքագետն ասաց, որ մոտենում է նախընտրական քարոզարշավի իրական փուլը, նոյեմբերին որոշ քաղաքական ուժեր, այդ թվում նաև ՀՀԿ-ն, համագումարներ են ունենալու:
«Կարծում եմ՝ բավականին հետաքրքիր հայտարարություններ կլինեն, միգուցե տեսնենք որոշակի փոփոխություններ կուսակցությունում»,- ասաց Ս.Մինասյանը:
Ըստ նրա, Հայաստանի ներսում ստեղծված քաղաքական, հասարակական մթնոլորտը բերում է որոշ քաղաքական նոր ուժերի ձևավորմանը:
«Ակնհայտ է, որ կունենանք նոր շունչ ԲՀԿ-ի հետ կապված: Կարծում եմ՝ իշխանական դաշտում հասկանում են, որ մի քաղաքական ուժ, որն իր մեջ ներառում է խոշոր և միջին բիզնեսի որոշ ներկայացուցիչների, արդեն իսկ դրանով պայմանավորված որոշ դիրքեր է զբաղեցնում Հայաստանի ներքաղաքական, հասարակական կյանքում, պետք է հնարավորություն ունենա ակտիվ մասնակցելու այդ գործընթացներում: Կարծում եմ՝ ԲՀԿ-ի դեպքում էլ մենք բավականին կարճ ժամանակում կունենանք նոր զարգացումներ»,- ասաց Սերգեյ Մինասյանը: