Պետք է զարգացնել նաև կարդալու մշակույթը. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է.« Համացանցում ինչ-որ մի անհայտ տեղից լուր էր հայտնվել, թե իբր վարչապետն ասել է՝ բարձրացնելու եմ նվազագույն աշխատավարձը և դարձնելու եմ 100 հազար դրամ։ Միամիտ «համացանցային հայերը» հավատացին այդ ապատեղեկատվությանը և «անխնա տարածեցին» այդ սուտը։ Ամենահետաքրքիրն այն է, որ բավականին բարձր մտավոր և կրթական ցենզով մարդիկ կուլ են տվել այդ խայծը և ակտիվորեն քննարկում են «լուրը»՝ ենթադրություններ կազմելով, թե երբ է դա տեղի ունենալու։
Խնդիրը, հետևաբար, այն չէ, որ կան հարյուրավոր կայքեր, որոնք րոպեն մեկ ինչ-որ բան են «բստրում», այլ չկան բավական թվով ընթերցողներ, որոնք հեշտությամբ կարողանում են «թացը չորից» տարբերակել։ Ինչպես ամեն մի հարցում , այստեղ էլ պետք է զարգացնել նաև կարդալու մշակույթը, երբ ընթերցողը կամ օգտատերը հասկանում է թե որ աղբյուրն է հեղինակավոր, իսկ որը՝ ոչ, որ լրատվամիջոցն է սոլիդ, իսկ որը՝ «թեթևսոլիկ»։ Վերջիններս նույնպես պետք է լինեն, որ զարգանան, բարգավաճեն, հարստանան, «քլիքներ» հավաքեն՝ դա նորմալ է։ Նորմալ չէ, որ մարդիկ, որոնք կարդում են դրանք, չեն հասկանում, որ այս մի լրատվամիջոցը հաճույք ստանալու է համար է, իսկ այս մեկը՝ տեղեկատվություն քաղելու և մտածելու։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։