Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում չի նախատեսվում. Էդուարդ Շարմազանով
Առաջիկա օրերին, շաբաթներին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում չի նախատեսվում: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Ապագայում հնարավո՞ր է, թե չէ՝ կապրենք, կտեսնենք»,- նշեց ՀՀԿ խոսնակը և հավելեց. «Մենք ունենք մեր հստակ կարծիքը և այն չի փոխվել: Պետք է Վիեննայի և Սանկտ Պետեբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, Ադրբեջանը դժբախտաբար ոչ թե իրականացնում է Վիեննայի և Սանկտ Պետեբուրգի պայմանավորվածությունները, այլ արհամարհում է դրանք, դիվերսիոն գործողություն իրականացրեց, երեկ ունեցանք զոհ սահմանում և կարծում եմ, որ միջազգային հանրությունը և առաջին հերթին հարգարժան համանախագահները պետք է հասցեական գնահատականով հանդես գան, և ստիպեն Ադրբեջանին հարգել իր իսկ ստանձնած պարտավորությունները»:
Նրա խոսքերով՝ Հայաստանը բանակցային գործընթացներից չի շեղվելու. «Այլևս հետ՝ դեպի անցյալ, հնարավոր չէ: Մենք պետք է գնանք դեպի առաջ և բոլորս միասին պետք է ապահովենք ԼՂՀ-ի միջազգային ճանաչումը»:
Էդուարդ Շարմազանովը նաև նշեց, որ վաղն ինքը պատվիրակության հետ մեկնում է Արցախ, որտեղ կհանդիպի Նախագահի հետ, կլինի առաջնագծում և «ոգևորված, զինված, պոզիտիվ, արցախյան հերոսական էներգիայով կվերադառնա Երևան»: