Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարարին
Հոկտեմբերի 27-ին Փարիզում կայացել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոյի հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում բովանդակալից զրույց է ծավալվել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։ Երկուստեք գոհունակություն են հայտնվել դինամիկ զարգացում ապրող փոխհարաբերությունների առնչությամբ։
Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել եմ միջխորհրդարանական ակտիվ շփումներին, ապակենտրոնացված աշխույժ փոխգործակցությանը։
Նախարարները քննարկել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
Նոյեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերին։
Բանակցություններին հանգամանալից քննարկում է ծավալվել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ։
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանն ամիսներ շարունակ մերժում է իրականացնել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, հետևողականորեն սրում է իրավիճակը շփման գծում ՝ դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը։
Երկուստեք շեշտվել է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների լիակատար իրականացման կարևորությունը: