Մահացել է Էլդա Գրինը
Այսօր 88 տարեկան հասակում մահացել է հայ արձակագրուհի, հոգեբան, դատաբժշկական փորձագետ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլդա Գրինը:
Այդ մասին տեղեկությունը Panorama.am-ին հաստատեցին ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետից: Նա այս ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դասախոսներից էր:
Ըստ հայկական Վիքիպեդիայի՝ Էլդա Գրինը ծնվել է 1928 թվականին, Թիֆլիսում (Վրաստան), մտավորականի ընտանիքում։ Հայրը՝ Աշոտ Դավիթի Գրիգորյանը, իր հեղափոխական Գրին ծածկանունով է դստերը գրանցել ծննդյան վկայականում։ Էլդա Գրինի մանկության և ուսումնառության առաջին տարիներն անցել են Մոսկվայում։
1937 թվականին նրա հորը, որ Նավթի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն էր, քաղաքական հողի վրա ձերբակալել և աքսորել են Կալիմա։ Ընտանիքը փոխադրվել է Երևան։ Այստեղ Էլդա Գրինն ընդունվել և ավարտել է Պուշկինի անվան դպրոցը, այնուհետև գերազանցությամբ՝ Ռուսական մանկավարժական ինստիտուտիօտար լեզուների ֆակուլտետը՝ զուգահեռ աշխատելով հայկական հեռագրական գործակալությունում որպես թղթակից։ Ասպիրանտուրան ավարտել է Մոսկվայում, որտեղ էլ 1955 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ հոգելեզվաբանության գծով։ Նույն թվականից առ այսօր հոգեբանություն է դասավանդում Երևանի պետական համալսարանում. հոգեբանության պրոֆեսոր է։ 1968 թվականին հանդիսանում է նաև դատահոգեբանական փորձաքննության հիմնադիրը Հայաստանում, նույն թվականից աշխատում էր որպես փորձագետ-հոգեբան։