ՀԷՑ-ում նախկին ֆինանսական խնդիրներն այլևս չկան. Ռոբերտ Նազարյան
Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի ծրագրի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց, թե գազի հանձնաժողովի՝ ՀԾԿՀ-ին ներկայացրած առաջարկներից քանի՞սն են կատարել:
Ռոբերտ նազարյանը նշեց, որ ստացված 17 հարցերի մի մասը քննարկումների արդյունքում ընդունել են: Մասնավորապես, մեկը վերաբերում էր նրան, որ բնակիչը կարող է ցանկացած լաբորատորիայում ստուգել իր հաշվիչը, սակայն, ցավոք սրտի, ըստ նրա, մինչև հիմա նոր լաբորատորիաներ չեն ստեղծվել:
«Առիթից օգտվելով խնդրում, հորդորում եմ գործարարներին, որ ներդրումներ անեն այդ ոլորտում»,- ասաց նա:
Անդրադառնալով Միքայել Մելքումյանի մեկ այլ հարցադրմանը՝ արագացված ամորտիզացիայի մասով և շահութաբերության նորման նվազեցնելու եղանակով նոր ֆինանսավորման աղբյուրներ գտնելու վերաբերյալ, Ռոբերտ Նազարյանն ասաց, որ, ամենայն հավանականությամբ, այդ արագացված ամորտիզացիան այս տարի կհանեն, քանի որ ՀԷՑ-ում նախկին ֆինանսական խնդիրներն այլևս չկան:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ֆինանսական վիճակն այս պահին բավարար է: Այն լրջագույն խնդիրները, որ մենք ունեինք, այլևս չկան»,- նշեց Ռոբերտ Նազարյանը:
Պատգամավոր Թևան Պողոսյանը հարցրեց, թե ճի՞շտ է, որ սարքավորումները հին են, քանի որ ներդրումներ չեն արվում և ձմռանը հովհարային անջատումներն ավելի շատ կլինե՞ն:
Ռոբերտ Նազարյանը պատասխանեց. «Իհարկե, ունենք դեռևս բավականաչափ հին, ֆիզիկապես, բարոյապես մաշված սարքավորումներ: Դա է պատճառը, որ նորմատիվներից շատ են անջատումներ լինում»: