Ֆրանկ դե Բուր. «Իմ վիճակն ակումբում փոքր-ինչ կայունացել է»
«Ինտերի» գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը «Տորինոյի» նկատմամ Իտալիայի առաջնության 10-րդ տուրում 2։1 հաշվով տոնած հաղթանակից հետո շեշտել է, որ իրեն դուր են եկել ֆուտբոլիստների գործողությունները։ Հոլանդացի մասնագետը նաև նշել է, որ իր վիճակը թիմում փոքր-ինչ կայունացել է։ Ավելի վաղ հաղորդվել է, որ դե Բուրը կհեռացվի զբաղեցրած պաշտոնից, եթե չկարողանա հաղթել «Տորինոյին»։
«Նորմալ է, որ 3 պարտությունից հետո պարտադիր հաղթանակ է պետք,- դե Բուրի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ես շատ եմ հպարտանում իմ ֆուտբոլիստներով, ուզում եմ գործի հանդեպ միշտ նման մոտեցում տեսնել։ Մենք «Տորինոյին» թույլատրեցինք 2 կամ 3 պահ ստեղծել, և դրանք էլ ստեղծվեցին մեր սխալների արդյունքում։
Ինչ վերաբերում է ակումբում իմ վիճակին, այն փոքր-ինչ կայունացել է։ Պետք է շարունակենք հաղթել, սակայն ինձ համար կարևոր է նաև, թե ինչպես ենք հաղթում։ Այսօր խաղադաշտում տեսա մի թիմ, որն ինձ, իրոք, դուր եկավ։ Դա առաջընթաց է։ չեմ ուզում, որ «Սամպդորիայի» հետ խաղում հետընթաց արձանագրենք»։