«Մուսալեռ»-ում կատարված սպանության վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է հունվարի 6-ին «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով երկու մեղադրյալների մասով նախաքննությունը: Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք՝ 2016թ. հունվարի 6-ին Արմավիրի մարզի «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ առերևույթ հանցագործություն կատարած անձը երկու և ավելի անձանց ապօրինի կերպով կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող հրազենով դիտավորությամբ կրակել է Տարոնիկ գյուղի բնակիչներ Արամ Կարապետյանի և Արմեն Խլղաթյանի ուղղությամբ: Ստացած հրազենային վնասվածքից Արամ Կարապետյանը մահացել էր, իսկ Արմեն Խլղաթյանը՝ հրազենային վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել էին դեպքի հանգամանքները, հստակեցվել միջադեպին մասնակից անձանց շրջանակը, անհատականացվել էին նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, պարզվել Ա. Կարապետյանի և Ա. Խլղաթյանի ուղղությամբ կրակոցներ արձակած անձի ինքնությունը։
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 4 անձ ներգրավվել էր որպես մեղադրյալ, որոնցից 2-ի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։
Մասնավորապես՝ ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել Ս. Թովմասյանին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից), իսկ Ա. Բաբայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից), 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (սպանություն՝ խուլիգանական դրդումներով), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, կրելը)։ Վերջիններիս նկատմամբ հայտարավել է հետախուզում:
Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նշված համալիրում տեղի ունեցած միջադեպին մասնակցություն են ունեցել նաև Էջմիածին քաղաքի բնակիչներ Ա.Պառավյանը և Խ. Խաչիկյանը։ Ա. Պառավյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), իսկ Խ.Խաչիկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն):
Նշված երկու մեղադրյալների մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Մեղադրյալներ Ս. Թովմասյանի և Ա. Բաբայանի մասով նախաքննությունը շարունակվում է։ Հանձնարարություն է տրվել իրավասու մարմիններին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հետախուզվողներին հայտնաբերելու և վարույթն իրականանող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած միջադեպի գործով 4 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ
- «Մուսալեռ» համալիրում սպանության գործով մեղադրյալ է ներգրավվել ևս երկու անձ
- «Մուսալեռ» հյուրանոցում տեղի ունեցած սպանության գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 31-ամյա տղամարդ
- «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ