«Լավ անողների» «լավ անելը» չի պակասի. Արձագանք Տարոն Մարգարյանին
Օրերս Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու «Բարև Երևան» ավագանու խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի միջև բանավեճ էր առաջացել, այն աստիճան, որ Մարգարյանը Բախշյանին համարել էր նախանձ:
Բանն այն է, որ տիկին Բախշյանը Դավթաշեն վարչական շրջանի մի բնակչին տված շինթույլտվության նախագիծը վկայակոչելով նշել էր, որ դրա մեջ նշված է, որ տարածքը անբարեկարգ է, մինչդեռ իրականում այն հարթ ու կանաչապատ տարածք է:
«Իրականում այդ տարածքը, որի վրա շինթույլտվություն եք տվել անեն, կանաչ գազոնի մի մաս է և բոլորովին էլ անբարեկարգ չէ: Ձեզ համոզում են, որ անբարեկարգ է: Ինչպե՞ս եք այսուհետ կանխելու նման շինթույլտվությունները, վստահ եմ, որ եթե գնայիք, տեսնեիք, թույլտվություն չէիք տա», -Քաղաքապետից հետաքրքրվել էր Բախշյանը:
Ի պատասխան Մարգարյանը վրդովվել էր, ասել, որ տարածքը տրվել է արցախյան պատերազմում զոհվածի ընտանիքին ու հավելել.
«Լավ ենք արել, տվել ենք ու էլի տալու ենք: Էլի եմ տալու ու ինչքան զոհվածի ընտանիք կա իրանց էլ եմ տալու: Ինչքան էլ փորձեք նախանձաբար, նման անբարոյականներին լսելով մամուլում արտահայտվել, չի ստացվի»: Այնուհետև Մարգարյանը թույլ չէր տվել Բախշյանին արձագանքել:
Այսօր Անահիտ Բախշյանը տարածել է հայտարարություն, որով նշել է. ««Լավ անողների» «լավ անելը» չի պակասի, քանի դեռ «լավ անելը» կառավարման փիլիսոփայություն է»:
Տարածած հայտարարությամբ ավագանու անդամը պարզաբանել է, որ բարձրացված հարցը վերաբերում էր ոչ թե կառուցապատողի արժանի լինել-չլինելուն, այլ նրան, որ թույլտվության մեջ տարածքի մասին նշվել էր, թե այն «հարթ և անբարեկարգ է», մինչդեռ իրականում այն «թեք, բարեկարգ, կանաչապատ գազոնի մի մասն է»:
«Հարցում առկա մտահոգությունը վերաբերում էր նրան, թե քաղաքապետն ինչ է պատրաստվում անել նման՝ իրականությանը չհամապատասխանող հիմնավորումներով թույլտվությունները ապագայում բացառելու համար», -նշված է Բախշյանի հայտարարության մեջ: