Մոսկվայում կայացել է Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը
Մոսկվայում կայացել է Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը,-հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր մեկնել է Մոսկվա, որտեղ կայացել է նրա հանդիպումն իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ:
Իրանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները Մոսկվայում քննարկել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող վերջին զարգացումներին առնչվող հարցեր:
Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լավրով-Զարիֆ հանդիպումից հետո կայացել է Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը:
Եռակողմ հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսի ընթացքում Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մոալեմը բարձր է գնահատել Իրանի և Ռուսաստանի ջանքերը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի գործում:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ևս մեկ անգամ ընդգծել է, որ սիրիական ճգնաժամը պետք է հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով՝ սիրիացիների մասնակցությամբ:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ տեղեկացրել է, որ Մոսկվան ջանքեր է գործադրում, որպեսզի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն այցելի Ռուսաստան և հանդիպում ունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: