Այսուհետև ճանապարհային բոլոր ոստիկանները «զինված» են տեսախցիկներով
Հայաստանի Ճանապարհային ոստիկանության անձնակազմի հանդերձավորումը դյուրակիր տեսախցիկներով իրականացվել է ողջ ծավալով, և ծառայության ընթացքում բոլոր ճանապարհային ոստիկաններն արդեն համազգեստի վրա այդպիսի տեսախցիկ են կրում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ոստիկանութւյան մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը:
Նրա ներկայացմամբ, ծառայության նման տեխնիկական հագեցումը թույլ է տալիս տեղում տուգանել ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդներին, ինչը ժամանակին կասեցվել էր՝ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նկատառումով:
«Քանի որ ներկայումս ողջ գործընթացը տեսաձայնագրվում է, Ճանապարհային ոստիկանը կարող է իրավախախտումն արձանագրելուց հետո տեղում գանձել նշանակված տուգանքը: Հիշեցնենք, որ դյուրակիր խցիկներով արված տեսաձայնագրությունը պահպանվում է 48 ժամ, ուստի քաղաքացիներին խնդրում ենք ճանապարհային ոստիկանի գործողությունների հետ անհամաձայնության դեպքում հնարավորինս արագ տեղեկացնել այդ մասին», -նշել է Ահարոնյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հոկտեմբերի 1-ից տեսախցիկներ կկրեն նաև մարզային ՃՈ աշխատակիցները
- ՃՈ նորամուծությամբ՝ ոստիկանները կկրեն տեսախցիկներ