Ճապոնացի երգչի՝ գրիչի, արքայախնձորի և խնձորի մասին երգը Գինեսի ռեկորդակիր է
Ճապոնացի երաժիշտ Պիկո-Տարոյի «PPAP» (Pen-Pineapple-Apple-Pen՝գրիչ-արքայախնձոր-խնձոր-գրիչ) երգը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Պիկո-Տարո՝ դուք այժմ պաշտոնապես ճանաչվել եք անկրկնելի»,- նշել է Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչը՝ հանձնելով հավաստագիրը:
Ոչ միայն Ճապոնիայում, նաև շատ երկրներում մեծ ճանաչում ստացած հիթը ամերիկյան Billboard երաժշտական ամսագրի Թոփ-100 երգերի ցանկում ընդգրկված ամենակարճ երգն է: «PPAP»-ի տևողությունն ընդամենը 45 վայրկյան է:
«Ես մեծ բացառություն եմ Ճապոնիայում, այդ պատճառով, հավանաբար, բոլորն ինձ վրա ծիծաղում են: Ես շատ ուրախ եմ, որ դարձել եմ հայտնի, բայց ես ինձ չեմ համարում ճապոնական ժամանակակից երաժշտության մարմնավորում: Բայց ինձ շատ հաճելի է, որ ինձ համարում են ճապոնական մշակույթի ներկայացուցիչ, այդ իսկ պատճառով ես ուզում եմ այցելել հնարավորինս շատ երկրներ և բոլորի հետ միասին միավորենք հնարավորինս շատ գրիչ և խնձոր»,- կատակել է Պիկո-Տարոն:
Տեսահոլովան արդեն ունի ավելի քան 67 միլիոն դիտում: Բացի այդ, շատ երկրների օգտատերեր YouTube տեղադրել են հարյուրավոր տարբեր տեսանյութեր՝ պարոդիայի ենթարկելով Գինեսի նոր ռեկորդակրի երգը: