Ոստիկանությունը չի փոխհատուցի կենսաչափական անձնագրեր ձեռք բերած քաղաքացիներին
Ոստիկանությունը չի պատրաստվում փոխհատուցում տրամադրել այն քաղաքացիներին, ովքեր օրենքի պարտադրանքով ստիպված են եղել ձեռք բերել կենսաչափական անձնագրեր ու նույնականացման քարտեր. Panorama.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Հիշեցնենք, որ քաղաքացիները կենսաչափական անձնագիր ձեռք բերելու համար ստիպված էին վճարել 25 հազար, իսկ նույնականացման քարտի համար՝ 3 հազար դրամ: Այս տարվա օգոստոսի 6-ին ուժի մեջ մտավ օրենքում կատարված փոփոխությունը, որի համաձայն մինչև 2019 թվականի հունվարի մեկը կենսաչափական անձնագիր ձեռք բերելն այլևս պարտադիր չէ:
Panorama.am-ին ոստիկանության տրամադրած տվյալների համաձայն, 2012 թ.-ից մինչև 2016 թ. հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրեր ստացել են 284.514, իսկ նույնականացման քարտ՝ 732.003 ՀՀ քաղաքացիներ: Ընդ որում՝ այս տարվա օգոստոսի 6-ից մինչև հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է 1958 կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագիր և 11491 նույնկանացման քարտ:
Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրեր ստացած քաղաքացիներին փոխհատուցում տրամադրելու հարցին ի պատասխան ոստիկանությունից հայտնեցին.
«2016 թ.-ի հունիսի 29-ին «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփխությունների արդյունքում ոչ թե դադարեցվել է կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրերի տրամադրումը, այլ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվել մինչև 2019 թ. ստանալ նաև 1998 թ.-ի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագիրը։ Այսինքն՝ կատարված փոփոխություններով ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն իրենց ցանկությամբ ստանալ ինչպես կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագիր, այնպես էլ հին նմուշի՝ ոչ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր։
Հետևաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում որպես ՀՀ քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ շարունակում են գործածության մեջ մնալ ինչպես նախկինում տրամադրված կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերը, այնպես էլ հին նմուշի անձնագրերը՝ կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրերի համար վճարված գումարի փոխհատուցման հիմքեր առկա չեն»:
Հարակից հրապարակումներ`
- Հին նմուշի անձնագիր ստանալու թույլատրելի ժամկետը մինչև 2019թ. հունվարի 1-ն է. Բիչախչյան
- Բիչախչյան. Կենսաչափական անձնագրերն այլևս պարտադիր չեն լինի
- Կենսաչափական անձնագրեր առայժմ չեն բաժանվում
- Կենսաչափական անձնագրերը օդից չեն ու ծայրահեղ պաշտպանված են. Դավիթ Հարությունյան
- ՀՀ-ում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլ. անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը ուժի մեջ կմտնի հունիսին
- 2012 թ. առաջին եռամսյակում Հայաստանում կսկսեն հատկացնել նոր, կենսաչափական անձնագրեր
- Կենսաչափական տվյալներով անձնագիր ու նույնականացման քարտ քաղաքացին կունենա սեպտեմբերից
- Կենսաչափական /էլէկտրոնային/ անձնագրերի համակարգը Հայաստանում ներդրվելու է 2011 թվականի սեպտեմբերից