ԼՂՀ շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգության տեղիք է տալիս. Կոնստանտին Կոսաչով
Ազգային ժողովում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի համատեղ նիստը:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստում քննարկվելու են տարբեր հարցեր, այդ թվում անվտանգությանը վերաբերող խնդիրներ, ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային փուլում ստեղծված իրավիճակը, սահմանին տիրող իրավիճակը:
Նիստի ավարտին ընդունվելու է համատեղ հայտարուրություն:
Նիստին ներկա ՌԴ-ի Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը լրագրողների հետ զրույցում խոսելով ԼՂՀ-ում տիրող իրավիճակի, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին՝ ասաց. «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն, իհարկե, մտահոգության տեղիք է տալիս։ Մենք տագնապով էինք հետևում ապրիլյան իրադարձություններին: Դուք գիտեք, որ Ռուսաստանն անմիջապես արձագանքեց: Մենք գործադրեցինք բոլոր հնարավորությունները իրավիճակը մեղմելու և քաղաքական դաշտ վերադարձնելու համար: Փառք Աստծո, դա շատ արագ հաջողվեց անել, բայց ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացն առաջ չմղեց, նույն տեղում է»։
Նրա խոսքով՝ ղարաբաղյան հիմնախնդիրը քննարկել են ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների հետ, լսել են, որ հայկական կողմն, անկասկած, պատրաստ է շարժվել առաջ:
«Հայկական կողմի կարծիքով, ձգձգման պատճառը Ադրբեջանն է, Բաքուն է։ Հասկանալի է, որ մենք կուզեինք տեսնել իրավիճակ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց հետ շփման եզրեր են գտնում։ Ռուսաստանի առաքելությունը նրանում է, որ նպաստի այդ բանակցություններին և շփման եզրեր գտնելուն»,- նշեց նա:
Կոնստանտին Կոսաչովն ասաց, որ ՌԴ խորհրդարանականները կապի մեջ են ադրբեջանցի գործընկերների հետ, նրանց կհասցնեն այն, ինչ լսել են Հայաստանում:
«Խորհրդարանական ձևաչափը բոլորովին չպետք է խանգարի բանակցային գործընթացին: Ոչ մի հավակնություն չունենք, բայց պարտավոր ենք տեղեկություն տարածել՝ խորհրդարանական հնարավորություններով հասնելով ղարաբաղյան հակամարտության քաղաքական, այլ ոչ թե ռազմական ճանապարհով լուծմանը»,- ասաց ՌԴ-ի Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը: