Երեկ այնպիսի մի մեծ գումարի մասին լսեցի, որ հաճույք ստացա. Հրանուշ Հակոբյան
Սփյուռքը հզորագույն պոտենցիալ է, որը պետք է օգտագործել,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նա նշեց, որ անցած տարիներին իրենք 96 մասնագիտական ժողով են գումարել. «Ինչո՞ւ ենք գումարել, որպեսզի ամբողջ սփյուռքից նույն մասնագիտության տեր մարդիկ հայտնվեն Հայաստանում, հանդիպեն մեր հայաստանյան մասնագետների հետ, միասին քննարկումներ անեն, մեկը մյուսին փորձ փոխանցի»:
Հարցին, թե ձեր կոչն ուղղված սփյուռքահայերին՝ 1000 դոլար դնեն հայաստանյան բանկերում, արդյունք տվե՞լ է, նախարարը դրական արձագանքեց:
«Նույնիսկ երեկ այնպիսի մի մեծ գումարի մասին լսեցի, որ հաճույք ստացա: Մեկն օրինակ ինձ ասաց՝ 1,5 միլիոն բերեցինք և ներդրեցինք հայկական բանկերում: Կարող եմ ցույց տալ նամակները, հարցադրումները, որոնք ստանում ենք սփյուռքահայերից: Օրեր առաջ Լիբանանից մի կին էր 200 հազար դոլար բերել հետը, խնդրում էր օգնել: Ասացի՝ ցանկացած բանկում կարող է դնել, դա նշանակություն չունի, կարևորը, որ գումարը բանկերում լինի»:
Խոսելով սփյուռքի նախարարությունում՝ Վերահսկիչ պալատի կատարած բացահայտումների մասին, Հ.Հակոբյանն ասաց.«Սփյուռքի նախարարությունում խախտում, անօրինականություն, չարաշահում չի եղել: Սփյուռքի նախարարությունում եղել են ընթացակարգային խախտումներ, անճշտություններ, որոնք իրենց ուսումնասիրության, ստուգումների ընթացքում վերացել են»:
Նախարարը նշեց, որ իրենք քայլեր են կատարում օրենքի շրջանակներում: Հ. Հակոբյանի խոսքով՝ պարգևավճարների հատկացումները նույնպես նորմալ են եղել:
«Մեր աշխատակիցները շատ ծանրաբեռնված են աշխատում: Նախարարության աշխատանքը ոչ նորմավորված է, երեկոյան ժամը 7-ից հետո են մնում՝ ԱՄՆ-ի հետ աշխատելու համար, շաբաթ-կիրակի տեսաժողովներ են անցկացնում»,- ասաց սփյուռքի նախարարը՝ հավելելոց, որ այս տարի ընդամենը ութ հոգու են պարգևավճար տվել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին