TAIEX և SOCIEUX ծրագրերի կիրառման հնարավորությունները
Երևանում այսօր տեղի ունեցավ Եվրոպական հարևանության գործիքի ներքո իրականացվող Թայեքս (TAIEX) և Սոսյու (SOCIEUX) ծրագրերի ներկայացմանը նվիրված տեղեկատվական աշխատաժողովը:
Աշխատաժողովի բացմանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն ասաց, որ Հայաստանը վերջին տարիներին օգտվում է Եվրոպական միության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության գործիքներից` Թվինինգ, Թայեքս և Սիգմա, Սևծովյան ավազանի անդրսահմանային ծրագրերից: Վերջին շրջանում ավելացավ ևս մեկ գործիք, որը կոչվում է Սոսյու:
«Այսօրվա մեր նպատակը Թայեքս և Սոսյու գործիքների մասին հնարավորինս թարմացված մանրամասն տեղեկատվություն ներկայացումն է, որովհետև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, հանդես գալով որպես Եվրոպական Միության ծրագրերի ազգային համակարգող, շահագրգռված է, որպեսզի մենք ունենանք գործիքների մասով տեղեկացվածության բարձր մակարդակ, ինչը մեզ հնարավորություն է տալու առավելագույնս օգտվելու այս գործիքներից և' քանակական և' որակական տեսանկյունից»,- ասաց նա:
Գարեգին Մելքոնյանը նշեց նաև, որ ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորում է ԵՄ-ն:
Աշխատաժողովին մասնակցեցին երկու տասնյակից ավելի պետական կառավարման մարմինների, Հայաստանում ԵՄ պատվիրակության, Եվրոպական Հանձնաժողովի ներկայացուցիչները, ինչպես նաև այլ շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները:
Տեղեկատվական աշխատաժողովի ընթացքում մանրամասն ներկայացվել է Թայեքս և Սոսյու գործիքների հիմնական առաքելությունը, տեսակները, ծրագրի իրականացման ընթացքը, առանձնահատկությունները, Հայաստանում դրանց իրականացման ընթացակարգերը, հիմնական ուղղությունները և դիմելու մանրամասն ընթացակարգը` դիմումի ներկայացումից մինչև վերջնական հաշվետվություն, ինչպես նաև ԵՄ գործիքներին առնչվող մի շարք այլ հարցեր` նպատակ ունենալով խթանել Հայաստանի պետական կառույցների կողմից ծրագրերին ակտիվ մասնակցությունը:
Միջոցառումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում Եվրամիության ծրագրերի համակարգողին» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում