Շիրակի մարզպետ. Առաջիկա տարիները մեզ համար լինելու է ձեռքբերումների ժամանակաշրջան
Երկրաշարժի 28-րդ տարելիցին Շիրակի բնակիչներին ուղերձ է հղել մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:
«Երկրաշարժից անցել է 28 տարի, սակայն տարերքի հասցրած ավերածությունների հետքերը, հազարավոր անմեղ զոհերն ու մեզ բաժին հասած դառնությունները դեռ ապրում են մեր սրտերում:
Շիրակի մարզը երկրաշարժից առավել տուժած տարածաշրջանն է, որը կորցրեց իր բնակելի ֆոնդի, արտադրական հզորությունների, կրթամշակութային և սոցիալական կառույցների գերակշիռ մասը:
Շնորհիվ աշխարհասփյուռ հայության, բազմաթիվ պետությունների, կազմակերպությունների ու անհատների օգնության մենք կարողացանք դիմագրավել աղետին, վերացնել պատճառված վնասների մեծ մասը: Համոզված ենք, որ առաջիկա տարիները մեզ համար լինելու են առաջընթացի և ձեռքբերումների ժամանակաշրջան. մեր համախմբվածության շնորհիվ հաղթահարելու ենք դժվարությունները, անելու ենք հնարավորինը, որպեսզի շենացնենք մեր հայրենիքը:
Հարգելի՛ շիրակցիներ, աղետի 28-րդ տարելիցի առիթով ընդունեք իմ խոնարհումը զոհվածների հիշատակին:
Ցանկանում եմ ձեզ ուժեղ կամք, անսասան հավատ և վստահություն վաղվա օրվա հանդեպ»,-ասված է մարզպետի ուղերձում: