Փորձարկումներ՝ ՖԻՖԱ-ից, աշխարհի առաջնություն՝ 48 թիմով ու 16 խմբով
ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն հանդես է եկել ֆուտբոլի աշխարհի առաջնության բարեփոխման նոր նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
ՖԻՖԱ-ի նոր ղեկավարը ոչ մի կերպ չի հանգստանում աշխարհի առաջնությունների գործող ձևաչափի փոփոխության հարցում։ Իտալացին նախ հայտարարեց Մունդիալի մասնակից թիմերի քանակը 40-ի հասցնելու մտադրության մասին, իսկ ահա նրա նոր գաղափարը գերազանցել է նախորդին։ Ինֆանտինոն առաջարկում է մրցաշարի միանգամայն նոր կառուցվածք, որում հանդես կգա 48 թիմ։ Նրանք, իրենց հերթին, կբաժանվեն 16 խմբի, յուրաքանչյուրում՝ 3-ական։ Լավագույն երկու թիմը դուրս կգան հաջորդ փուլ։
Սպասվում է, որ այս գաղափարը պաշտոնապես կհրապարակվի հաջորդ տարվա սկզբին կայանալիք ՖԻՖԱ-ի խորհրդի նիստում։ Եթե այն հաստատվի, կփորձարկվի միայն «ԱԱ-2026»-ում։