Տարոն Մարգարյան. Միայն աշխատանքից ազատումը խնդրի լուծում չէ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ: Քաղաքապետն իր դժգոհությունն է հայտնել աշխատանքների կազմակերպման և պարտականությունների կատարման հարցում առկա թերացումներից:
«Բոլորիդ առջև պահանջ էր դրվել հետևողական ու կոշտ պայքար տանել ապօրինի շինարարությունները հայտնաբերելու, կասեցնելու և նման շինությունները քանդելու ուղղությամբ, իսկ քաղաքացիների հետ շփումներում էլ լինել ազնիվ. մեկ աշխատակցի անազնիվ քայլը ստվերում է բոլորիդ աշխատանքը»,-ասել է նա:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Տ. Մարգարյանը շեշտել է.
«Եվ բոլորդ զգուշացված էիք, որ սահմանված սկզբունքից ցանկացած շեղում իմ կողմից գնահատվելու է որպես աշխատանքային պարտականությունների կոպիտ խախտում, ինչն անպայման ունենալու է համապատասխան հետևանքներ: Վարչության պետն ու ծառայության պետն էլ պետք է խստորեն վերահսկեին սահմանված սկզբունքների պատշաճ կատարումը, սակայն անկախ կատարված աշխատանքների ծավալից, արդյունքը գնահատում եմ ոչ բավարար»:
Նրա խոսքով, այս տարվա ընթացքում 15 աշխատակիցներ արդեն հեռացվել են աշխատանքից, քանի որ չարաշահել էին համաքաղաքացիների վստահությունը:
«Սահմանված սկզբունքները խախտողները միանշանակ պե՛տք է ազատվեն աշխատանքից, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել: Բայց միայն աշխատանքից ազատումը խնդրի լուծում չէ: Մշակեք վերահսկողության կանխարգելիչ այնպիսի մեխանիզմներ, որոնք առավելագույնս կբացառեն կոռուպցիոն բոլոր ռիսկերը: Կարճ ժամանակահատվածում ակնկալում եմ այնպիսի արդյունքներ, որոնք արմատապես կլուծեն ոլորտում առկա խնդիրները», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Ա.Ա.-ն: