«7 գույն» պատմվածքների ժողովածուի անգլերեն տարբերակը կներկայացվի Բոլոնիայի ցուցահանդեսին
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի «Գրական ակումբում» տեղի ունեցավ IBBY Յամադա հիմնադրամի «Ընթերցող դառնալու երեխայի իրավունքը» կարգախոսով դրամաշնորհային ծրագրի շրջանակում հրատարակված` պատանիներին հասցեագրված «7 գույն» պատմվածքների ժողովածուի անգլերեն թարգմանության շնորհանդեսը:
Ժողովածուն հրատարակվել է 2015 թվականին` Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչության (IBBY Armenia) իրականացրած «Պատանին և շրջակա միջավայրը» խորագրով ստեղծագործական մրցույթ-նախագծի շրջանակում, հայ երիտասարդ հեղինակների և նկարազարդողների համար, համապատասխանաբար` գերմանացի հայտնի գրող Մանֆրեդ Թայզենի և բելգիացի ճանաչված նկարազարդող Կլաաս Վերպլանկի մասնակցությամբ անցկացված վարպետության դասերի արդյունքում:
Panorama.am-ի հետ զրույցում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն, IBBY Armenia-ի կոմիտոի նախագահ Ռուզան Տոնոյանը նշեց, որ նախագծի անցկացման նպատակն էր Հայաստանում խթանել մանկապատանեկան գրականության զարգացումը. «Ստեղածագործական այս կարևոր ու հետաքրքիր նախագծի ամփոփիչ փուլը հանդիսացավ «7 գույն» ժողովածուի անգլերեն թարգմանությունը: Գիրքը հանրահռչակելու և օտարազգի ընթերցողին ներկայացնելու նպատակով` 2016 թվականին մանկական գրադարանում դրամաշնորհային ծրագրի շրջանակում, միջազգային ճանաչում ունեցող բրիտանացի թարգմանիչ Դանիել Հանի մասնակցությամբ անցկացվեց վարպետության դաս` երիտասարդ թարգմանիչների համար, ովքեր և դարձան ժողովածուի անգլերեն լեզվի թարգմանիչները»:
Նա տեղեկացրեց նաև, որ 2017 թվականին նախատեսվում է գրքի անգլալեզու տարբերակը ներկայացնել Բոլոնիայի մանկական գրքի ամենամյա ցուցահանդեսին, որի ընթացքում Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի տաղավարում կանցկացվի նաև «7 գույն» ժողովածուի թարգմանության շնորհանդեսը:
Միջոցառմանը մասնակից «7 գույն»-ում ընդգրծված «Ամոթի գույնը» պատմվածքի հեղինակ, հեքիաթադիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ասաց. «Պատանիների համար ստեղծվող գրականությունը ժամանակակից գրականության մեջ մի փոքր բաց է մնում: Այս գիքը հատկապես արժեվորվում է նրանով, որ կարող է այդ բացը որոշակիորեն լրացնել: Հրաշալի է որ մեր հայ երիտասարդ գրողների ստեղծագործությունները թարգմանվել են անգլերենով և պետք է ներկայանան աշխարհին»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները