2016-ի ազդեցությունները՝ հասարակության սոցիալ–հոգեբանական վիճակի վրա
«2016 թվականը ժապավենի պես պտտվելու է մեր ու մեր սերունդների գլխում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արշակ Դաբաղյանի անվան «Մայր Մանե» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Մանուշակ Ստեփանյանն՝ անդրադառնալով տարվա իրադարձությունների ազդեցությանը՝ հասարակության սոցիալ-հոգեբանական վիճակին:
«Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլին մեր սահմանում և մեծ ցավ էր, և հաղթանակ: 90-ականների հերոս տղաների քարը քարին դրածը պահեցին այսօրվա մեր հերոս տղաները: Ես որպես Հայաստանի քաղաքացի, որպես հայ մայր, հիացած եմ այս սերնդով»,-ասաց նա՝ նշելով, որ 2017 թվական «մենք գնում ենք ցավով, բայց հաղթանակած»:
Հասարակական կազմակերպության ներկայացուցիչը դիմեց հայրենիքից գնացողներին. «Եթե այսօր մեր երկիրը դժվարության մեջ է, բոլորս պետք է ձեռք մեկնենք ու մտածենք ինչպես կարող ենք օգնել»:
«Եռամիասնություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Մամիկոն Խուրշուդյանի խոսքով՝ 2016 թվականը մեր հասարակության համար զարթոնքի ու համախմբման տարի էր. «Այս տարի ժողովուրդը ցույց տվեց իր միասնականությունը, երիտասարդության մեկ բռունցք դառնալը և պետք է մեր ամենօրյա մեր գործով, մեր կենսակերպով այս ոգեշնչված երիտասարդությանը պահենք տեմպի մեջ»:
Տարվա լուսավոր ու հասարակության վրա դրական ազեցություն ունեցող իրադարձություններից նա առանձնացրեց հայ օլիմպիականների հաղթանակը, ինչը ևս ցույց տվեց մեկ բռունց դարձած սկզբունքը:
«Այս տարի ամառը մեզ համար այդքան էլ ոգևորիչ չէր ներքաղաքական առումով: Նոր էինք կորցրել մեր երիտասարդ հերոսներին ու ցավի վրա ցավ ավելացրեցինք: Համամիտ չեմ նման պայքարի ձևի հետ, որը «Սասնա ծռերի» անդամներն էին ընտրել»,- ասաց Խուրշուդյանը:
Մանուշակ Ստեփանյանը իր կողմից հավելեց, թե՝ պայքարող երկու կողմն էլ մտածում էին հայ ազգի լավ օրվա մասին. «Պետք է ոստիկանություն ու ժողովրդի մեջ փոխվստահություն ստեղծվի, որ ոչ մի ընդվզում թշնամուն չուրախացնի»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ