Ներկրման հետ կապված որևէ փոփոխություն չի կատարվել, նորից հսկիչ գները օգտագործվում են. Տնտեսագետ
Այսօրվա կառավարության փոփոխությունը քաղաքական քայլ է, դա տնտեսական կյանքին միտված քայլ չէր,- ՀԱԿ համագումարում, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Անդրադառնալով 2017 թվականի բյուջեի նախագծին տնտեսագետն այն սովորական փաստաթուղթ որակեց. «Դա ուղերձ էր, որ թոշակներ չեն բարձրանալու, աշխատավարձ չի բարձրանալու: Բիզնեսի առումով էլ, որ նայում ենք, որևէ դրական ուղերձ չկա: Բյուջեն զարգացման մասին որևէ խոսք չի ասում»:
Panorama.am-ի դիտարկմանը, թե տնտեսագետը կառավարության փոփոխությունը համարում է քաղաքական քայլ, բայց այդ փոփոխության արդյունքում ու վարչապետի հայտարարությունից հետո կարծես, օրինակ, մենաշնորհային համարվող բանանի շուկայում ներկրողներն ավելացան, տեղաշարժ նկատվեց, Վահագն Խաչատրյանը արձագանքեց.
«Իմ մոտ, իմիջիայլոց լրիվ ուրիշ փաստեր են: Ներկրման հետ կապված որևէ փոփոխություն չի կատարվել, նորից հսկիչ գները օգտագործվում են, ես ձեզ ասում եմ փաստ. Ընդամենը երեկ եմ գործարարների հետ հանդիպել ու իրենք ինձ հայտնել են մտահոգությունները: Որևէ փոփոխություն հարկային կամ մաքսային ծառայության գործելաոճում չի կատարվել»:
Ավելին, ըստ Խաչատրյանի, կառավարության ղեկավարը բազմիցս է հայտարարել, որ Հայաստանում մենաշնորհներ չկան, մինչդեռ հակառակն է: Այդուհանդերձ, ըստ Խաչատրյանի, կառավարությունը մեկ լավ բան արել է.
«Դա այն էր, որ Կարապետյանը եկավ ու ասաց՝ տնտեսության վիճակը իսկապես վատ է, լավն այն է, որ եկավ, խոստովանեց, որ այն վիճակագրական տվյալները, որ տարիներ շարունակ ներկայացվում են, իրականությանը չեն համապատասխանում: Բայց մեկ է՝ սա էլ էր բխում քաղաքական նկատառումներից: Սա արվեց, որ ֆիքսեն ցածր բազա, որպեսզի 2017 թվականի կեսից ցույց տան բարձր թվեր»:
Հայաստանի տնտեսական վիճակի մասին տնտեսագետի կանխատեսումները հոռետեսական են. նրա պնդմամբ Հայաստանի տնտեսությունը հայտնվել է «ռեսցեսիոն վիճակում»: Արդեն երկու եռամսյակ մեր երկրի տնտեսությունը բացասական միտումներ ունի, ինչը, ըստ տնտեսագետի, նշանակում է, որ «ռեցեսիոն պրոցես է սկսվում»:
«Բացի այդ հարկերի հավաքագրման հարցում լուրջ խնդիրների առաջ ենք կանգնել և իրենք, ըստ կանխատեսումների 80 մլրդ են ասում, բայց ըստ իմ ու իմ որոշ գործընկերների հաշվարկի, 110 մլրդ գումար չենք հավաքի, այդ դեպքում չգիտեմ՝ խնդիրները ոնց են լուծելու», -նկատեց Վահագն Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում կառավարության նոր նախաձեռնությանը՝ ապօրինի հարստացման քրեականացման մասին օրինագիծը խորհրդարանին ներկայացնելուն, Խաչատրյանի խոսքով, դա նախընտրական քայլ է և ոչ ավելին:
«Այդ օրենքի կիրառման մի էական հանգամանք կար՝ հետադարձ ուժի մասին հարցը փակվեց, մինչդեռ Արևելյան Եվրոպայի նախկին սոցիալիստական երկրներ այդ օրենքի ընդունումը կապում էին նրա հետ, որպեսզի կարողանային նախկինում տեղի ունեցած ապօրինի գործերը ուսումնասիրվեն կամ դատապարտվեն: Այնպես որ այդ օրենքն էլ ես համարում եմ կիսատ», -հայտարարեց Խաչատրյանը՝ նշելով, որ օրենքի կիրառումը ցանկալի արդյունք չի ապահովի:
Նրա խոսքով, քաղաքական կամքի դեպքում այդ օրենքը կարելի էր տարածել նախկինում նման հանցանք գործած պաշտոնյաների վրա:
Հարակից հրապարակումներ`
- Բանանի երկրորդ խոշոր ներկրողը Սամվել Ալեքսանյանն է. «Փաստ»
- Շուկայում բանան նոր ներկրող է հայտնվել
- Բանանի շուկայում գները շուրջ 200 դրամով նվազել են, ինչը արդար մրցակցության միջավայրի արդյունքն է. ՊԵԿ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ