Տնտեսագետները գնահատում են 2016-ը. «Ռիսկային էր»
2016-ը Հայաստանի տնտեսության համար բարդ ու հակասական, ռիսկային, բավականին ծանր տարի էր՝ և արտաքին, և ներքին, և ռազմական քաղաքականության առումով: Ամփոփելով անցնող տարին նման գնահատական տվեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:
«Կարելի է ասել՝ 2016-ը բաց թողնված հնարավորությունների տարի էր»,-ասաց նա:
Մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն, 11 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվության ցուցանիշը 0.6 տոկոս է: Տնտեսագետի խոսքով, դա հուշում է, որ այս տարվա համար նախատեսված 2.2 տոկոս տնտեսական աճը անհասանելի կլինի:
«Այն ոլորտները, որոնցում տարվա ընթացքում բարդ իրավիճակ է եղել՝ գյուղատնտեսությունը, շինարարությունն իրենց ազդեցությունն են թողել տնտեսական աճի վրա»,-գնահատեց նա:
Մարգարյանի խոսքով, անցնող տարին անբարենպաստ տարի էր նաև ներդրումների համար:
«Այն աղբյուրների ցամաքեցումը, որոնք ավանդաբար սնուցել են տնտեսությունը, մասնավորապես էներգետիկայի, հանքարդյունաբերության, շինարարության, իրենց ազդեցությունն են թողել, և ըստ էության, 9 ամսվա կտրվածքով մենք ունենք 90 մլն դոլարի ներդրումներ, որոնք չնչին ծավալ են Հայաստանի տնտեսության համար»,-վերլուծեց տնտեսագետը:
Ինչ վերաբերում է մակրոտնտեսական մեկ այլ ցուցանիշին՝ գնաճին, ապա Ա. Մարգարյանը նշեց, որ տարվա ընթացքում գնանկումային ֆոնը պահպանվել է:
«Այս տարին աննախադեպ էր այս առումով: 11 ամսվա դրությամբ 1.4 տոկոս գնանկումը խոսուն ցուցանիշ է մակրոտնտեսական պահանջարկի անկման: Իսկ այդ պահանջարկի կոմպոնենտներից մեկը տրանսֆերտներն են, որոնք այս տարի շարունակեցին նվազել՝ հասնելով մինչև 1.3 մլրդ դոլարի»,-ասաց նա:
Ստեղծված պայմաններում տեղի է ունեցել բնակչության գնողունակության անկում:
Արտաքին պարտքի առումով էլ տարին բարենպաստ չէր, ավելի քան 500 մլն դոլարի վարկեր ու փոխառնությունները մեծացրեցին պարտք ՀՆԱ հարաբերակցությունը, այդ ցուցանիշը հատեց 50 տոկոսը, ինչը, տնտեսագետը ռիսկային է համարում:
Քննարկման մյուս մասնակից տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը նշեց, որ սպառման նվազմանը զուգահեռ նվազել են ներմուծման ծավալաները:
«Դա նշանակում է, որ մենք ռիսկային զոնայից դուրս ենք եկել: ԱՊՀ անդամ շատ երկրներ այդ զոնայում են»,-ասաց տնտեսագետը:
Խուրշուդյանը բացատրեց, որ Հայաստանի միջազգային պահուստները կազմում են 1.8 մլրդ դոլար, որը ծածկում է 5-6 ամսվա ներմուծումը, բայց երկրներ կան, որ 3 ամիս է ծածկում, օրինակ, Վրաստանը:
Տնտեսագետը նշեց, որ մարդիկ կարողացել են ճիշտ հաշվարկել սեփական ծախսերը, նվազեցնել իրենց սպառումը, ինչն էլ դրական է ազդել ապագայի ռիսկերի նվազեցման վրա:
«Սա իհարկե բացասաբար է անդրադարձել մարդկանց բարեկեցության վրա, տնտեսական ակտիվության վրա»,-ասաց նա, նշելով, որ ստեղծված իրավիճակում ԿԲ-ն միայնակ գլուխ հանել չի կարող:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին