Վարդան Արամյանը՝ արտաքին պարտքի, ներդրումների և իր հետագա պաշտոնավարման մասին
Տարեվերջին Հայաստանի պետական պարտքն ակնկալվում է 5 մլրդ 905 մլն դոլարի չափով: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքերով՝ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կգերազանցի 55 տոկոսի սահմանը:
Նշվեց նաև, որ ՀՀ կառավարության պարտքի սպասարկման ծախսերը (տոկոսավճար) 2016 թվականին կկազմի 98.4 մլրդ դրամ, այդ թվում` պետական գանձապետական պարտատոմսերի սպասարկում` 42.2 մլրդ դրամ կամ 42.9%-ը, արտաքին վարկերի սպասարկում` 25.1 մլրդ դրամ (53.0 մլն ԱՄՆ դոլար) կամ 31.6%-ը, արտարժութային պետական պարտատոմսերի սպասարկում` 31.1 մլրդ դրամ (65.8 մլն ԱՄՆ դոլար) կամ 25.5%-ը:
2016թ. ընթացքում ՀՀ կառավարության և միջազգային վարկատուների միջև ստորագրվել են թվով 10 վարկային պայմանագրեր, որոնց ընդհանուր գումարը կազմում է մոտ 477 մլն ԱՄՆ դոլար:
Վարդան Արամյանն անդրադարձավ նաև ներդրումներին՝ նշելով, որ 2017թ.-ին ներդումների ներգրավումը շարունակելու է մնալ կառավարության ուշադրության կենտրոնում, բոլորը պետք է ներգրավվեն այդ գործում:
Մի շարք հարցերի թվում նախարարն անդրադարձավ նաև «Սեքյուրիթի դրիմ» և «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունների գործառույթները պետությանը փոխանցելուն, թե արդյոք ընկերությունների` սեփականության ձևով պայմանավորված գործառույթների փոխանցումը պետական կառույցներին բացասական ազդակ չի լինի օտարերկյա ներդրողների համար« Վարդան Արամյանը նշեց, որ գործընթացն արվել է այնպես, որ ոչ մի դեպքում դա չդիտարկվի ազգայնացում:
«Ճիշտ եք ասում, դա կարող է բացասական ազդակ ունենալ օտարերկրյա ներդրողների համար, դրա համար մի քանի անգամ կրկնվել է, որ պետք է հաշվի առնել տնտեսվարողի շահերը, կատարված ներդրումները: Այս պահին եկել ենք համաձայնության և՛ «Սեքյուրիթի դրիմի», և՛ «Փարքինգ սիթի սերվիսի» հետ: Այդ համաձայնության մեջ, ես վստահեցնում եմ, որ հաշվարկվել են իրենց կողմից կատարված ներդրումները, և այդ ներդրումների մասով տրվելու է փոխհատուցում, որպեսզի իրենք կարողանան իրենց կորցրած եկամուտները վերադարձնել»,- ասաց ֆինանսների նախարարը:
Հարցին, թե հաջորդ տարի ընտրական գործընթացներն ինչպե՞ս կազդեն տնտեսության վրա, Վարդան Արամյանը պատասխանեց. «Ընտրական գործընթացները պահանջարկի տեսանկյունից որոշակի դրական ազդեցություն են ունենում տնտեսության վրա։ Երբ մարդիկ ծախսողական վարքագիծ են դրսևորում, դա, բնականաբար, մուլտիպլիկատիվ էֆեկտ ունենում է»:
Սակայն, ըստ նրա, ընտրությունները զգալի ազդեցություն չեն ունենա տնտեսության վրա և 2017 թ. համար կանխատեսված ՀՆԱ 3.2% աճի համար հիմնական գործոն դիտարկվել են ֆունդամենտալ, ոչ թե ցիկլիկ գործընթացները։
Մեկ այլ հարցին, թե հաջորդ տարի որտե՞ղ է իրեն տեսնում, Վարդան Արամյանը պատասխանեց, թե ընտրությունները ցույց կտան՝ կշարունակեն աշխատել, թե ոչ: «Կարծում եմ՝ մենք անում ենք այն, ինչ ժողովրդի համար անհրաժեշտ է, հիմքեր ենք ստեղծում, որ բարեկեցությունն աճի: Մենք ինքներս մեր խնդիրների լուծողն ենք, իսկ եթե ապրիլին ժողովուրդը վստահության քվեն մեզ տա, բնականաբար, մեր ծրագրերը կիրագործենք»:
Նա միաժամանակ նշեց, որ եթե վարչապետը շարունակի պաշտոնավարել, ապա իրեն տեսնում է նախարարի պաշտոնում:
Հարակից հրապարակումներ`
- Ոչ մի փամփուշտ մեր զինվորին չկպնի. Վարդան Արամյանը ասուլիսը սկսեց բարեմաղթանքով
- Բացի գյուղատնտեսությունից, մնացած բոլոր ոլորտներում կանխատեսումները համընկել են առկա ցուցանիշներին. Վարդան Արամյան
- Պետության կարիքների համար մեկ անձից գնումների կատարման ծավալներն էականորեն նվազել են. նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում