Ներդրումների ծավալը Հայաստանում շատ ցածր է. Սուրեն Կարայան
Ներդրումների ծավալը Հայաստանում շատ ցածր է: Այս մասին այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանում տնտեսական աճի երկարաժամկետ բարձր ցուցանիշեր ապահովելու գրավականներից մեկն այն է, որ օտարերկրյա ուղղակի ներդրումներն ավելանան, մինչդեռ այսօր դրա ծավալը համախառն ներքին արդյունքի մեկ տոկոսի շրջանակներում է: «Մենք գտնում ենք և մեզ համար կարճաժամկետ թիրախ ենք սահմանել, որպեսզի ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը Հայաստանում բարձրացնենք և հասցնենք ՀՆԱ-ում մինչև 5 տոկոսի»,- ընդգծեց Սուրեն Կարայանը՝ հավելելով, որ դրա համար բոլոր ներդրողների համար պետք է ապահովեն մեծ շուկաներ, բարելավեն գործարար և ներդրումային միջավայրը, ինչպես նաև ներդնել օտարերկրյա ներդրողների պաշտպանության ինստիտուտ:
Նախարարը հայտնեց, որ արդեն մշակվել է օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենք, որով նախատեսվում է օրենսդրորեն ուժեղացնել և միջազգային առաջադեմ չափանիշների հասցնել ներդրողների պաշտպանության և երաշխիքների համակարգը, մասնավորապես` օրենքով կսահմանվեն, որ օտարերկրյա ներդրողները կստանան ոչ պակաս բարենպաստ վերաբերմունք, քան տեղական ներդրողները, պետության կողմից իր գործառույթներն իրականացնելիս ներդրումների մասով կապահովվի արդարացի, ոչ խտրական, կանխատեսելի վերաբերմունք և վեճերի լուծման ժամանակ այլընտրանքային միջոցների կիրառման (արբիտրաժի) հնարավորությունը, այդ թվում` տեղական ներդրողների համար` վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի փոփոխության միջոցով:
Սուրեն Կարայանը տեղեկացրեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ մարզեր կատարած այցերի արդյունքում հավաքագրել են բոլոր բիզնես գաղափարները, որոնք կարող են հիմք հանդիսանալ տեղական նշանակության ներդրումային ծրագրերի զարգացման համար: «Արդեն իսկ հավաքագրվել է 160 ծրագիր, որոնցից մոտ 110-ը հենց մարզերից է՝ մոտ 240 միլիոն դոլար արժողությամբ», - նշեց Սուրեն Կարայանը:
Ըստ նրա՝ իրականացված աշխատանքների արդյունքում, 2017 թվականի առաջին եռամսյակում կգործարկվեն կամ իրենց գործունեությունը կընդլայնեն թվով 8 ընկերություն, որոնք շուրջ 3 մլրդ. դրամ ներդրումների արդյունքում կստեղծեն շուրջ 900 աշխատատեղեր: Մասնավորապես, Մեգամեդ, Սեմկո, Արիդես և Տավուշ տեքստիլի Արծվաբերդի մասնաճյուղը:
Նշվեց նաև, որ հավաքագրված իրատեսական ներդրումային ծրագրերի իրականացմանը նպաստելու նպատակով 2017 թվականի առաջին եռամսյակում կստեղծվի ներդրումային ֆոնդ: Նախատեսվում է, որ վերջինիս մասնակցությամբ կիրականացվեն առավել հեռանկարային և շահավետ ներդրումային ծրագրերը: Միաժամանակ, Էմիրաթական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ ներդրումային հիմնադրամ, որը նույնպես հզոր խթան կհանդիսանա վերոնշյալ ներդրումային ծրագրերի իրականացման համար:
Հարակից հրապարակումներ`
- Կարայան. Պետության հետ շփումներում մի քանի կազմակերպություններ խախտումներ են թույլ տվել
- Հայ-իրանական սահմանագծին ազատ տնտեսական գոտու ստեղծման մեկնարկը կտրվի 2017թ-ի ապրիլին. Սուրեն Կարայան
- Հայաստանից այս տարվա արտահանման աճը եղել է ռեկորդային. Սուրեն Կարայան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ