Հանձնարարականներ՝ ջրատնտեսական կառույցների ֆինանսական միջոցների առավել արդյունավետ օգտագործման նպատակով
Վարչապետ Կարեն Կարապետյանը 2017 թ. ոռոգման ջրի ջրատնտեսական կառույցների՝ ջրամբարներ, ջրանցքներ և այլն, ոռոգելի հողատարածքների բնագավառում ծառայություններ մատուցող կազմակերպությունների ֆինանսական և տեխնիկական միջոցների առավել արդյունավետ օգտագործման նպատակով տվեց հանձնարարականներ:
Մասնավորապես, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվեց մինչև մարտի 1-ը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի, ՀՀ գյուղատնտեսության նախարարի, մարզպետների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի աջակցությամբ գնահատել ոռոգման ջրամատակարարմամբ պայմանավորված պարտավորությունների ծավալները՝ ըստ համայնքների և ըստ ջրօգտագործողների և ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություններ այդ պարտավորությունների իրականացման վերաբերյալ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, ՀՀ գյուղատնտեսության նախարարին, մարզպետներին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից 2017 թ. ոռոգման ջրապահանջի գնահատման, պայմանագրերի կնքման և անխափան ջրամատակարարման ապահովման նպատակով մինչև 2017 թ. փետրվարի 25-ը կոմիտեին տրամադրել ըստ համայնքների ոռոգելի հողատարածքների կադաստրային և փաստացի վերջին 3 տարիների տվյալները, ոռոգելի մշակաբույսերի կազմն ըստ զբաղեցված տարածքների:
«Մենք ուզում ենք 2 բազա համատեղել՝ համայնքներում այդ հողատարածքներն ինչ ձևով են հարկվում, և ինչ ձևով են ջրօգտագործման պայմանագրերը կնքվում: Ճշտման մեջ մենք բավական հետաքրքիր փաստեր ենք պարզելու, և համապատասխանաբար շուկան է մեծանալու: Օգտակար է և համայնքային բյուջեների ճշտման համար, և ջրի բիզնեսը կազմակերպելու, շուկան հասկանալու համար»,- ասաց վարչապետը: