Նախորդ տարիների հետ համեմատած՝ ժողովրդի գնողունակությունն ընկել է. Կ. Չիլինգարյան
«Ինչպես և կանխատեսվում էր, հիմնական գների բարձրացումները եղել են մրգերի, բանջարեղենի բնագավառում, սակայն տոներից հետո նույն ապրանքների գները կտրուկ էժանացել են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ՝ Կարեն Չիլինգարյանը:
«Ընդեղենի, մանդարինի, նարնջի, բանանի, արքայախնձորի գների տատանումները մեզ մոտ արդեն ավանդական են դարձել, իսկ այդ իրավիճակը ստեղծում են վաճառողները: Նախորդ տարիների հետ համեմատած՝ ժողովրդի գնողունակությունն ընկել է, որը տնտեսական խնդիրների հետ է կապված, ճիշտ է սուպերմարկետներում էլի հերթեր կային, սակայն սովորական խանութներում, կարելի է ասել, տոնական օրերին ընդառաջ վիճակը նույնն էր, ինչպես որ սովորական օրերին»,-ասաց Չիլինգարյանը:
Նրա խոսքով՝ հիմա էլ վաճառողները ստիպված գներն իջեցրել են, որպեսզի իրենց ապրանքը չփչանա. «Մեզ մոտ շուկայական հարաբերությունները կարգավորող մարմին չկա: Կարգավորողը տնտեսվարողներն են, որոնք որ դիրք են գրավում շուկայում: Շուկան դժվար է վերահսկել, դա մի քիչ էլ մեր կուլտուրայի հետ է կապված»:
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահի կարծիքով, մեզ մոտ խնդիրը կա նաև մաքսակետերի հետ կապված. «Ես լսել եմ, շատ տնտեսվարողներ բողոքում են, որ մաքսակետերում իրենցից հավելյալ գումար են վերցնում: Ո՞նց է ստացվում, որ Էկվադորից ներկրված բանանն ու հարևան երկրից բերված մանդարինը Երևանում միևնույն գնով են վաճառվում»:
Ինչ վերաբերում է գազի և ջրի սակագների փոփոխություններին նա նշեց, որ մեզ մոտ թանկացումները կտրուկ և բարձր են լինում, իսկ էժանացումը՝ շատ չնչին, այդ պատճառով էլ սպառողը էժանացումը չի զգում: