Երկու ոտքից զրկված տաքսիստի հարցը. «Եթե ինձ նպաստ չեք տա, ո՞ւմ կուտաք»
Հիվանդության պատճառով երկու ոտքից զրկված, 66-ամյա գյումրեցի Սերյոժա Թադևոսյանը կառավարության ղեկավարին ու անդամներին մի հարց է տալիս. «Եթե ինձ նպաստ չի հասնում, ապա ո՞ւմ է հասնում»:
Նրան շատ հետաքրքրում է իր հարցի պատասխանը:
«Եթե ինձ հնարավորություն էղներ, դեմ առ դեմ կկանգնեի վարչապետի, նախարարի դեմ, կորցնելու բան չունեմ, կհարցնեի՝ ինչի՞ ինձ նպաստ չեք տալիս: Եթե ինձ չեք տա, ո՞ւմ կուտաք»,-Panorama.am –ի հետ զրույցում ասաց նա:
Սերյոժա Թադևոսյանը կնոջ հետ արդեն երկու տարի միայնակ է ապրում: Նույն հասցեում գրանցված են նրանց երկու զավակներն ու թոռները, սակայն երկու տարի առաջ գնացել են Ռուսաստան, աշխատանք չեն ունեցել:
Տան վրա աշխատունակ տարիքի մարդկանց գրանցված լինելը խանգարում ծնողներին սոցիալական նպաստ ստանալ: Հոր խոսքով, երեխաները Ռուսաստանում «նեղի» են, հազիվ իրենց գլուխն են պահում, ծնողներին օգնել չեն կարողանում:
«Մեկն էլ լինի, իրենց օգնի: Իրենց վիճակն էլ լավ չի, բացարձակ չեն կրնա օգնել է»,-ասաց նա:
Հաշմանդամության համար տրվող ամսական 28 հազար դրամ թոշակը ապրելուն ու դեղերին չի բավականացնում: Կինը շուկայում վաճառում է ինչ պատահի, երկու ոտքից զրկված Սերյոժան էլ տաքսի է վարում:
«Ձեռս տնկե՞մ, ժամի դեմը նստեմ՝ հաց մուրա՞մ: Ես 45 տարվա շոֆեր եմ եղել, ըսենց գոնե յոլա կգնամ: Ես փող մուրացողը չեմ: Ով որ երկու հատ ջիպ ունի, ցեխեր ունի, սաղն էլ կստանան»,-ասաց Ս. Թադևոսյանը՝ հրաժարվելով որևէ տվյալ ներկայացնել:
Նրա խոսքով, օր է լինում 500-1000 դրամ է աշխատում, օր էլ լինում է՝ դատարկաձեռն է վերադառնում:
Աշխատած գումարի մեծ մասը տալիս է դեղերին, քանի որ հիվանդությունը չի նահանջել, հիմա էլ հասել է վերին վերջույթներին: Քաղաքապետարան Գյումրիի բնակիչը չի դիմել:
«Քաղաքապետարան կա՞ ինչի»,-չարած քայլն այսպես հիմնավորեց նա:
Երեխաներին գրանցումից հանել նա չի ցանկանում՝ «Կարող է մի քանի տարի հետո հետ գան: Հիմա ի՞նչ: Դնեմ սաղին դուրս գրեմ, հետո էլ եքա պատմությունների մեջ ընկնենք: 16 հազար դրամ պիտի նպաստ տա՞ն, երեխանցս ես դուրս գրեմ տնից»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ծանոթ են Սերյոժա Թադևոսյանի պատմությանը: Նախարարի մամուլի խոսնակ Անուշ Դանիելյանը Panorama.am-ին ասաց. «Սերյոժա Թադևոսյանն առաջին խմբի հաշմանդամ է և ստանում է օրենքով սահմանված հաշմանդամության թոշակը: Բացի այդ, քանի որ ընտանեկան նպաստի համար անհրաժեշտ միավորները չեն հերիքել, նրան նախորդ տարի երեք ամիս տրամադրվել է հրատապ օգնություն»:
Անուշ Դանիելյանը նաև տեղեկացրեց, որ սոցիալական նպաստի տրամադրման որոշումը կայացնում են ՏԻՄ-երի և քաղաքապետարանների ենթակայությամբ գործող սոցիալական աջակցության տարածքային գործակալություններն ու բաժինները:
Նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ ընտանիքների անապահովության գնահատման մոտեցումների և մեթոդաբանության արմատական վերանայման աշխատանքներ են իրականացվել,որոնք առաջիկայում կներկայացվեն ՀՀ կառավարության հաստատմանը: