Կաթողիկոսն ընդունել է Բերդի տարածաշրջանի զոհված զինծառայողների ընտանիքներին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի համայնքների զոհված զինծառայողների ընտանիքներին` ուղեկցությամբ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի:
Մայր աթոռից հայտնում են, որ 19 մայրերին և 39 երիտասարդներին ու պատանիներին հայրական իր օրհնությունն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը` փոխանցելով ամենքին Տեր Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան կենդանարար ավետիսը:
Նորին Սրբությունը վստահությամբ ընդգծել է, որ այս այցելությունն իր անջնջելի դրոշմն է թողնելու Մայր Աթոռ ժամանած պատանի տավուշցիների հոգում և, իրենց հոգևոր հովիվների գործունեության շնորհիվ, նրանք հաղորդ են դառնալու Ս. Էջմիածնի խորհրդի մեջ ամփոփված արժեքներին, որոնցով ոգեշնչվել են իրենց հայրերը և այսուհետ ևս պիտի ոգեշնչվեն հայոց ազգի զավակներ:
«Քաջերի որդիները քաջեր են` ասում է մեր ժողովուրդը: Դուք այդ քաջազուն ոգին եք կրում ձեր մեջ` ապրելով սահմանամերձ գյուղերում և ձեր կյանքով ամուր ու անառիկ պահելով մեր սահմանները, հաստատուն և անսասան` մեր երկրի խաղաղությունը», -ասել է Նորին Սրբությունը` մաղթելով, որ մշտապես ապրեն Աստծո օրհնության և պահպանության ներքո:
Վերջում երիտասարդներն անակնկալ են մատուցել Վեհափառ Հայրապետին` Հայոց Հորն ընծայելով իրենց ձեռագործ աշխատանքը, ինչպես նաև ասմունքելով և կատարելով ժողովրդական երգեր: Իր հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսը փոքրիկներին նվերներ բաշխեց: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ամռանը նրանց համար կկազմակերպի նաև ուխտագնացություն:
Հանդիպման մասնակիցները շրջայց են կատարել մայրավանքում, աղոթել Մայր Տաճարում, եղել են Մայր Աթոռի թանգարաններում և տարբեր կառույցներում:
Զոհված զինծառայողների ընտանիքները Երևանում ևս կայցելեն հոգևոր-մշակութային տարբեր հաստատություններ, մանուկների համար կկազմակերպվի տոնական հանդես:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ