KfW բանկը պատրաստակամ է մասնակցելու հողմային էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերին
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը։ Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, հանդիպմանը մասնակցել են բանկի էներգետիկ դեպարտամենտի պետ Թոմաս Այզենբախը, բանկի գլխավոր ինժեներ Ռալֆ Կյունաստը, էներգետիկ ոլորտի հայաստանյան ծրագրերի ղեկավար Սանդրա Լուտցը և բանկի Երևանի ներկայացուցչության ծրագրերի գլխավոր համակարգող Բելլա Անդրիասյանը։ Քննարկվել են էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը և հետագա համագործակցության հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում Թոմաս Այզենբախը նախարարին ներկայացրել է գերմանական բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող խոշոր ծրագրերից մեկի՝ Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ծրագրի իրականացման որակին և ժամկետներին:
«Մեզ համար շատ կարևոր է որակի հարցը։ Դա նշանակում է, որ կապալառուի ընտրության հարցում որպես երաշխիք կարող է լինել նախկին փորձը։ Իհարկե, շատ կարևոր է նաև առաջարկվող գինը։ Ուստի լավագույն տարբերակը կլիներ գնի և որակի համադրումը,- նշել է Աշոտ Մանուկյանը։
Խոսելով ծրագրի իրականացման ժամկետների մասին՝ նախարարն ընդգծել է դրանց պահպանման կարևորությունը։ Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը հանդիսանալու է Իրան-Հայաստան-Վրաստան էներգետիկ միջանցքի բաղկացուցիչ մասը։ Ուստի անհրաժեշտ է, որպեսզի այն շահագործման հանձնվի Իրան-Հայաստան գծի հետ միաժամանակ։
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև էներգետիկ ոլորտում հետագա համագործակցության հնարավորություններին։ Թոմաս Այզենբախը հայտնել է KfW բանկի պատրաստակամությունը՝ մասնակցելու հողմային էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերին։ Գոհունակություն հայտնելով նման առաջարկության համար՝ նախարարը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է քննարկել ցանկացած նախաձեռնություն։
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց