Իրանի դեսպանին ներկայացվել են Հայաստանի տարածքով մուլտիմոդալ փոխադրման առավելությունները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 19-ին ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադիին: Հանդիպմանը ներկա էր նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Նախարարը դեսպանին ներկայացրել է Հայաստանի տարածքով Իրանից դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ փոխադրումների ծրագիրը, իսկ Սերգեյ Վալկոն ընդգծեց փոխադրման այս ճանապարհի առավելությունները:
Մասնավորապես, շեշտադրվել են մուլտիմոդալ փոխադրման ընթացքում բեռների անվտանգության և փոխադրման մատչելիության գործոնները: Նախարարը դեսպանին առաջարկել է իրանական բիզնես հանրությանը ներկայացնել այս հնարավորությունը և սերտացնել շփումները բեռնափոխադրումների ոլորտում:
Դեսպանը, երախտագիտություն հայտնելով ընդունելության համար, բարձր է գնահատել նախարարի մշտական պատրաստակամությունը: Սեյեդ Քազեմ Սաջջադին հայտնել է, որ անձամբ եղել է Երասխ կայարանում, ծանոթ է տերմինալի հնարավորություններին և պատրաստակամ է իրանցի գործարարներին ներկայացնել բեռնափոխադրման այս ճանապարհը` որպես բավական արդյունավետ մոդել:
Վահան Մարտիրոսյանն առաջարկել է երկու երկրների գործարարների մասնակցությամբ կազմակերպել համատեղ կլոր սեղան-հանդիպում և քննարկել բիզնես շփման ուղիներ:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի կապի նախարարի` Հայաստան այցելության կազմակերպչական հարցերի շուրջ:
Հանդիպման ավարտին դեսպանն ընդգծել է, որ վերջին տարիներին լուրջ առաջընթաց է գրանցվել Իրան-Հայաստան գործարար շփումների ոլորտում, դրան նպաստել է նաև երկու երկրների միջև վիզային ռեժիմի վերացումը: Նա հայտնել է, որ մոտ ժամանակներս Իրանից Հայաստան է ժամանելու իրանցի գործարարների պատվիրակություն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին