Կարեն Կարապետյան. Մենք պետք է ունենանք գրագետ ֆերմեր և զինվոր
Հանձնարարվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանն ուսումնասիրել ներմուծման կառուցվածքը և քննարկել ներմուծումը տեղական մրցունակ արտադրությամբ փոխարինելու հնարավորության հարցը: Հանրային խորհուրդի անդամների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով տեղական արտադրության խրախուսման մասին հարցին, նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, գործադիրի ղեկավարն անդրադարձել է նաև ներդրումային ծրագրերին և նշել, որ առաջիկայում գերատեսչությունները կներկայացնեն ակնկալվող ներդրումային ծրագրերի փաթեթներ:
«Մյուս շաբաթ ամփոփելու ենք մեր բոլոր ներդրումային ծրագրերը, նախարարները, գերատեսչությունների ղեկավարները հաշվետվություն են տալու հանրությանը, ներկայացնելու են, թե ի՞նչ ներդրումային ծավալներ կան, ի՞նչ ծրագրեր և ուղղություններ: Ինչ վերաբերում է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին, ապա մինչև մարտ որոշակի ծրագրերի, բարեփոխումների վերաբերյալ ամփոփ տեղեկություն արդեն կունենանք: Շատ մեծ հույսեր ունենք կապված այդ կենտրոնի հետ»,-ընդծել է վարչապետը:
Հանրային խորհրդի նախագահ Վազեն Մանուկյանը մեր երկրի զարգացմանը խոչընդոտող մի շարք գործոններ է առանձնացրել, նշելով որոշ փակ սահմանների առկայությունը, չավարտված պատերազմը, ներքին հոգեբանության ու մտածելակերպի մեջ արմատացած կարծրատիպերը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդծել է, որ հոգեբանության ու մտածելակերպի փոփոխությունը գլխավոր խնդիրներից մեկն է, և կառավարության հիմնական նպատակն է ունենալ կրթված հասարակություն:
«Մենք պետք է ունենանք կիրթ, գրագետ քաղաքացի և բիզնեսմեն, գրագետ ֆերմեր և զինվոր»,- ասել է վարչապետը: