Իտալիայում ավտոբուսի վթարից հետո դպրոցականներին փրկած ուսուցչի երեխաները զոհվել են
Իտալիայի հյուսիսում այրվող ավտոբուսից աշակերտներին փրկած ուսուցչի երեխաները զոհվել են հրդեհի ժամանակ: Բի-Բի-Սի-ն, հղում անելով հունգարական իշխանություններին, գրում է, որ ուրբաթ տեղի ունեցած ավտովթարի զոհ էր դարձել 16 մարդ, ևս 7-ը գտնվում են հիվանդանոցում: Ավտոբուսը Բուդապեշտ էր վերադառնում Ֆրանսիայից, ավտոբուսում հունգարական դպրոցներից մեկի սաներն էին: Դյերդ Վիգն ուղեկցել է երեխաներին: Ավտոբուսը դուրս է եկել մայրուղուց, բախվել սյանը և հրդեհվել: Ուսուցչին հաջողվել է այրվող ավտոբուսից շատ երեխաների հանել, ինքը ստացել է լուրջ այրվածքներ: Սակայն Վիգի 30-ամյա որդին ու 18-ամյա աղջիկը, որոնք ևս ավտոբուսում էին, զոհվել են:
Ավտովթարի հավանական պատճառներից մեկն են համարում վարորդի ինքնազգացողության վատացումը: