Պարզվել են պայմանագրային զինծառայող Արայիկ Սարգսյանի՝ մահացու հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները
Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են պայմանագրային զինծառայող, սերժանտ Արայիկ Սարգսյանի մահվան հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, սերժանտ Արայիկ Սարգսյանը որովայնի շրջանում մահացու հրազենային վնասվածքն ստացել է հունվարի 16-ին՝ ժամը 12:35-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ պայմանագրային զինծառայողը կյանքի հետ անհամատեղելի՝ որովայնի շրջանում վնասվածքն ստացել է՝ նույն զորամասի զինծառայողներից մեկի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով։
Նախնական տվյալներով՝ շարքային զինծառայողը, վերցնելով ծառայակցին ամրակցված ինքնաձիգը, մասամբ հանել է փամփշտատուփը և կատարել լիցքավորման գործողություն, ապա կարծելով, որ ինքնաձիգի փամփշտանոց փամփուշտ չի մտել, սեղմել է ձգանը։ Արդյունքում՝ արձակված կրակոցից պայմանագրային զինծառայող Ա.Սարգսյանը որովայնի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի (Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը) 3-րդ մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում