Ջրպետկոմի նախագահը խոստանում է՝ այս տարի ոչ մի կտոր հող անջուր չի մնա
«Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը բազմիցս հայտարարել է, որ 2017 թվականին Հայաստանի Հանրապետությունում չի լինի մի հողակտոր, որը կմնա առանց ոռոգման ջրի: Այսօր ևս կարող ենք պնդել սա, քանի որ ստեղծված բնակլիմայական պայմանները թույլ են տալիս ասել, որ սա ոչ թե լավատեսություն է, այլ՝ իրատեսական կանխատեսում»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԷԵԲՊՆ ՋՏՊԿ մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը՝ խոսելով ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների մասին:
Ըստ մամուլի քարտուղարի՝ նման հայտարարությունների համար հիմք են տալիս ոչ միայն բարենպաստ բնակլիմայական պայմանները, այլև ՋՏՊԿ-ում կատարված և ընթացիկ աշխատանքները:
«Շատ կարևոր քայլ ենք համարում ՋՕԸ-երի խոշորացման գործընթացը, որի արդյունքում նախկինում գործող 37 ջրօգտագործող ընկերությունները միացան և ստեղծվեց 14 խոշոր ընկերություն: Խոշորացման այս գործընթացն իրականացվել է՝ հիմքում ունենալով տարածքային բաժանման տրամաբանությունը: Խոշոր ջրանցքների վրա, որտեղ նախկինում կար օրինակ 4 ՋՕԸ, այսօր կգործի մեկը, որի ղեկավարությունը պատասխանատու կլինի ջրանցքի սկզբում և վերջում գտնվող հողակտորների լիարժեք ոռոգման համար՝ հավասարապես»,- մանրամասնեց Սոնա Մարտիրոսյանը՝ նշելով, որ օպտիմալացման այս գործընթացի արդյունքում հնարավոր է եղել նաև տնտեսումներ անել՝ վերացնելով կրկնվող ֆունկցիաներ իրականացնող հաստիքներ:
Բացի այդ, ՋՏՊԿ-ն առաջնային խնդիր է համարում ոռոգելի հողակտորների գույքագրումը, տեսակավորումը, ինչպես նաև՝ ոռոգման ջրի հաշվառելիությունը:
«Արդեն իսկ մեկնարկել են ոռոգելի տարածքների գույքագրմանն ուղղված աշխատանքները, որը թույլ կտա ոչ միայն առավել հստակ պատկերացում կազմել ջրապահանջի վերաբերյալ, այլև ի վերջո հասկանալ, թե ինչո՞ւ է վերջին տարիներին պակասել ոռոգելի հողատարածքների քանակը: Բացի այդ, շատ կարևոր է ճիշտ տեսակավորել հողերը, ուշադրություն դարձնել մշակաբույսերի ճիշտ ընտրությանը և հողատեսակների հետ դրանց համադրելիության խնդրին, որը հատկապես կնպաստի գերնորմատիվային հողատարածքներում ջրակորստի նվազեցմանը»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը:
ՋՏՊԿ մամուլի քարտուղարը նշեց նաև, որ ոռոգման սեզոնին ընդառաջ արվում է ամեն բան՝ ոռոգման ջուրը 100 %-ով հաշվառելի դարձնելու համար: 2017 թվականին ջրային հոսքերը վերահսկող առնվազն 80 հաշվիչ սարք կգործի, որոնց տվյալները կհավաքագրվեն ՋՏՊԿ-ում:
«Չհաշվառվող ջուրը չկառավարվող ջուր է: Մենք համոզված ենք, որ ջրի ծախսի, հոսքերի վերաբերյալ հստակ տեղեկությունները մեծապես կօգնեն ջրակորուստների նվազեցմանը: Սա ոլորտում մեկնարկած բարեփոխումների հիմքում ընկած գաղափարներից մեկն է»,- ընդգծեց Սոնա Մարտիրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան