Թոմաս դե Վաալ. «Եթե նորից կռիվ լինի, այն վերահսկելը դժվար է լինելու»
Ամեն տարի, երբ Հայաստանի ու Ադրբեջանի լեռներում սկսվում է ձյան հալոցքը, փորձագետների ու գիտնականների ոչ մեծ խումբը, որի ուշադրության կենտրոնում է Լեռնային Ղարաբաղը, հարց են տալիս՝ «Իսկ կլինի՞ արդյոք պատերազմ»: Այս տարի դիտորդների կանխատեսումները մռայլ են. 2016թ-ը վատ տարի էր և 2017թ-ը կարող է ավելի անհաջող լինել:
Այս մասին, Քարնեգի հիմնադրամի կայքում հրապարակված հոդվածում գրում է վերլուծաբան Թոմաս դե Վաալը:
Հեղինակի դիտարկմամբ, Հրադադարի մասին 1994-95թթ-ին ձեռք բերված համաձայնությունը գնալով ավելի փխրուն է դառնում: Չկան խաղաղապահ ուժեր, իսկ Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության սահմանափակ մանդատով դիտորդական առաքելությունը կարողացել է վերահսկել հակամարտությունը, բայց ոչ լուծում տալ դրան:
«Իհարկե, ինչպես ասել է ԱՄՆ-ի հիմնադիր հայր Բենջամին Ֆրանկլինը՝ վատ խաղաղությունը լավ պատերազմից նախընտրելի է: Կովկասում նոր պատերազմը կարող է պատճառ դառնալ հազարավոր զոհերի և տնտեսական կորուստների՝ առանց լուծելու կոնֆլիկտի հիմքում ընկած խնդիրները: Բայց կա վտանգ, որ կողմերը, անկախ իրենց սթափ մտածողությունից, կարող են սխալ հաշվարկ կատարել, ու պատերազմն այնուամենայնիվ սկսվի»,- գրում է Վաալը:
Հեղինակի դիտարկմամբ, այս փուլում, երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությունները որևէ արդյունք չեն տվել, մեծ է հավանականությունը, որ Բաքվում գայթակղություն կլինի խնդրին լուծում տալ ռազմական լծակների գործադրմամբ:
Վաալի դիտարկմամբ, երկու կողմերն էլ ինչ-որ կերպ թերագնահատել են միմյանց տիրապետած սպառազինությունները, բայց երկու կողմերում էլ առկա են մահացու զինատեսակներ: Այս համատեքստում Վաալը շեշտում է Հայաստանի կողմից «Իսկանդեր» մարտավարական հարթիռների ձեռք բերումը, իսկ Ադրբեջանի կողմից էլ՝ Իսրայելից գնված նոր զինատեսակները:
Հայաստանում և Ադրբեջանում, ըստ Վաալի, կան մի շարք գործոններ, որոնք կարող են նպաստել հակամարտության գոտում անկայունության ի հայտ գալուն, այդ ամենին էլ ավելանում է միջազգային հարաբերություններում տիրող տուրբուլենտությունը: Հեղինակի դիտարկմամբ, եթե նորից կռիվ լինի, ապա շատ ավելի դժվար է լինելու այն վերահսկելը:
«Կարճ ասած, բռնության կանխարգելումը Ղարաբաղի շուրջ պետք է զուգահեռվի կանխարգելիչ դիվանագիտությամբ: Հարավային Կովկասում նոր հակամարտության բռնկումը ամենաքիչն է որ որևէ մեկը կցանկանա, թեկուզև բոլոր սովորական հայերն ու ադրբեջանցիները, որոնք հայտնվելու են այդ կռվի մեջտեղում»,- գրում է Վաալը: