Հայաստանում պետք է կիրառվի կայուն հանքարդյունաբերության մոդելը. Կարեն Մանվելյան
«Հայաստանում պետք է կիրառվի կայուն կամ պատասխանատու հանքարդյունաբերության մոդելը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը:
Նա նշեց, որ հանքարդյունաբերությունն անհրաժեշտ է տնտեսական զարգացման համար, սակայն պետք է այնպես անել, որ բնությանը վնաս չհասցվի:
«Բայց, իհարկե, զրոյական վիճակ չի կարող լինել: Վնասը կա, տեսնում ենք, ինպես են գետերը, շրջակա միջավայրն աղտոտվում, ազդում կենդանական, բուսական աշխարհի վրա»,- ասաց Կ. Մանվելյանը:
Օրինակ` նա նշեց, որ Մեղրիի վերևում նախատեսվում է հանք շահագործել, իսկ այդ հատվածը կապող օղակ է մուֆլոնների համար, որ Զանգեզուրի լեռնաշղթայից տեղափոխվեն Մեղրիի լեռնաշղթա. «Եթե այդ հանքը շահագործվի, իհարկե, պետք է մուֆլորններն այլ ճանապարհ ընտրեն: Կընտրեն, բայց արդեն իրենց համար ավելի բարդ կլինի»:
ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի խոսքով, պետք է ժամանակակից մեթոդներ օգտագործել հանքարդյունաբերության ոլորտում, մաքրման կայանները կարգի բերել: Նա նշեց, որ Հայաստանում կա 17500 կենդանատեսակ, 3600 բուսատեսակ:
«60-70 տոկոսը ներառված է պահպանվող տարածքների համակարգում: Աշխատում ենք նոր պահպանվող տարածքների ստեղծմամբ առավելագույն տեսակներ ընդգրկենք պահպանվող տարածքներում»,- ասաց նա: