Չստացվի այնպես, որ Հայաստանը միայն կապող օղակի վերածվի Իրանի և ԵԱՏՄ-ի միջև. տնտեսագետ
«Կառավարության քայլերում մասնագիտական մոտեցումների պակաս կա: Ավելի շատ տեսնում եմ խոսք, ներկայացումներ, բայց իրական կյանքում՝ տնտեսական կամ հասարակական, փոփոխություն չկա»,- այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում»կամզկակերպած «Նոր կառավարության ձեռնարկած քայլերն ու ՀՀ տնտեսության մարտահրավերները» թեմայով քննարկմանն ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
Նրա խոսքով, դա կարող է պայմանավորված լինել երկու հանգամանքով, կամ պատասխանատուներն ունեն ժամանակի պակաս, կամ ուղղակի տեղյակ չեն այդ բնագավառներից։
«Զրոյական տնտեսական աճի պայմաններում կառավարությունը պետք է ազնվորեն ասի, թե ինչ է կատարվում տնտեսությունում: Մեզ մոտ գյուղատնտեսությունում խայտառակ վիճակ է, շինարարության մեջ նույն վիճակն է, և մենք ռազմավարական առումով ճշգրտված մոտեցումներ դեռևս չունենք», - նշեց Խաչատրյանը։
Քննարկմանը «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանն անդրադառնալով ներդրումների կրճատմանը նշեց, որ մինչև արտաքին ներդրումների ներգրավման մասին խոսելը, պետք է պայմաններ ստեղծել, որ ներքին ներդրումներն աճեն. «Եթե հայաստանցի գործարարը Հայաստանում ներդրում չի կատարում, ինչպես պետք է համոզենք օտարերկրյա գործարարին ներդրումներ կատարել Հայաստանում։Ներդրումների հարցում Հայաստանը միայն ռազմավարական դաշնակցի վրա է հենված: Մենք ֆիքսվել ենք միայն Ռուսաստանի վրա և այս կախվածությունից մի օր կկործանվենք: Եթե ՌԴ-ն ներդրում չի անում, ուրեմն կորած ենք: Պետք է այնպես անել, որ Հայաստանը նաև այլ ներդրողների համար էլ գրավիչ դառնա»։
Ինչ վերաբերում է Իրանի հետ ազատ տնտեսական գոտու գաղափարին, Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ ողջունելի է, սակայն դա պետք է գործիք լինի երկրի բարեկեցության համար, ոչ թե նպատակ:
«Իրանի հետ պարտավոր ենք ազատ գոտի ունենալ, այլընտրանք չեմ տեսնում: Որքան մենք ունենք Իրանի պահանջը, այնքան էլ Իրանն ունի մեր պահանջը: Պետք է գրավիչ դարձնել Հայաստանը ներդրողների համար: Չստացվի այնպես, որ Հայաստանը միայն կապող օղակի վերածվի Իրանի և ԵԱՏՄ-ի միջև: Արդյունքում Հայաստանի դերը ԵԱՏՄ-ում հավասարվի դրան, ինչն անհեռատես մոտեցում է», - ասաց տնտեսագետը։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները