Ողբերգությունն այն է, որ Հայաստանի արտաքին պարտքը ավելացել է մոտ 300%-ով, սակայն երկրի ՀՆԱ–ն չի աճել. Բագրատ Ասատրյան
«Բազմաթիվ երկրներ, այդ թվում` ամենազարգացածներն, ավելի մեծ ծավալի պարտք ունեն, բայց ողբերգությունն այն է, որ Հայաստանի արտաքին պարտքը՝ 2008-2016թթ-ի ընթացքում ավելացել է մոտ 300%-ով, սակայն երկրի ՀՆԱ–ն չի աճել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ հավելելով, որ եթե այս տեմպերով առաջ գնանք, ապա մեր երկրի տնտեսությունը լուրջ խնդիրների առաջ կկանգնի:
Անդրադառնալով Կենտրոնական բանկի քաղաքականությանը, տնտեսագետը նշեց, Հայաստանում առկա ինստիտուտներից արդյունավետ գործողը կա և մնում է Կենտրոնական բանկը: «Ուղղակի խնդիրն այն է, որ ավելի ներդաշնակ քաղաքականություն պետք է լինի դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների միջև: Այնպիսի տպավորություն է, որ համաձայնեցում անգամ չկա այս երկու քաղաքականությունների միջև, իսկ եթե սա չկա, ուրեմն տնտեսական արդյունքները լինելու են ոչ լավը»,- ընդգծեց նա:
Խոսելով բանկային համակարգի մասին, Բագրատ Ասատրյանն ասաց, որ 2015 թվականը շատ ծանր տարի էր բանկային համակարգի համար և էական լուրջ վտանգներ երևացին. «Բանկերում զգալիորեն աճեց վատորակ վարկերի ծավալը, որի հետևանքով բանկային համակարգը 2015թ-ը վնասով փակեց, սակայն 2016-ին այս վիճակը շտկվեց»:
Ինչ վերաբերում է բանկերի կապիտալիզացիայի բարձրացմանը, Բագրատ Ասատրյանը նշեց, որ դա որևէ էական բան չի տվել բանկային համակարգին և այդ բարեփոխմանը լուրջ չի վերաբերվում: «Կապիտալիզացիայի բարձրացումը բնավ չի երաշխավորում բանկային համակարգի զարգացումը: Իհարկե, ավելի բարձր կապիտալը լավ է, քան ավելի ցածրը, բայց 30 միլիարդ նվազագույն կապիտալը մեծ թիվ չէ: Այս թվով չես կարող մուտք գործել միջազգային ֆինանսական շուկա, չես կարող էժան և երկարաժամկետ փողեր ակնկալել»,- ընդգծեց նա:
Համեմատության համար նա նշեց, որ Վրաստանում կա բանկ, որի կապիտալն ավելի բարձր է, քան ՀՀ ամբողջ բանկային համակարգի ցուցանիշը: «Մենք պետք է ունենանք առաջատարներ բանկային համակարգում, որոնք մուտք կգործեն միջազգային ֆինանսական շուկաներ` էժան և երկար փող ներգրավելու համար: Իսկ 30 մլրդ դրամ կապիտալ ունեցող բանկերին ես այդքան դեմ չէի: Դրանց թվում կային բավականին ճկուն, տնտեսությանը, բնակչությանը որակյալ ծառայություններ մատուցող բանկեր»,- ասաց Բագրատ Ասատրյանը:
Տնտեսագետը նաև նշեց, որ ներկայումս բանկերն ունեն շատ բարձր իրացվելիություն, սակայն խնդիրն այն է, որ տնտեսավարողները վարկունակ չեն: Ըստ Բագրատ Ասատրյանի՝ բանկերը կայուն են, մնում է արդյունավետ գործունեության ճանապարհները գտնվեն, և հույս հայտնեց, որ առաջիկա տարիների ընթացքում դրանք կգտնվեն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ