2016թ-ին Հայաստանում տավարի մսի արտադրությունն աճել է 2 հազար 524,6 տոննայով
2016 թվականին Հայաստանում արտադրվել է 52 հազար 796 տոննա տավարի միս, ինչը 2015թ-ի համեմատ ավելացել է 2 հազար 524,6 տոննայով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից:
Նշենք, որ 2015թ-ին հանրապետությունում արտադրվել է 50 հազար 271,4 տոննա տավարի միս:
Ըստ պաշտոնական վիճակագրության, տավարի մսի մանրածախ միջին գինը 2016 թվականին կազմել է 2 հազար 444,4 դրամ մեկ կիլոգրամի համար. 2015 թվականի համեմատ այն նվազել է 15,2 դրամով:
Նշենք նաև, որ հրապարակած տվյալների համաձայն՝ ներմուծվել է 3 հազար 127.6 տոննա տավարի միս, արտահանվել՝ 0.1 տոննա:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ նախորդ տարի Հայաստանում արտադրվել է 12 հազար 625 տոննա խոզի միս՝ 2015թ-ի 13 հազար 971.5 տոննայի դիմաց: Նշված ժամանակահատվածում ներկրվել է 5 հազար 659 տոննա խոզի միս: Նախորդ տարի Հայաստանից ոչ մի կիլիոգրամ խոզի միս չի արտահանվել:
Ինչ վերաբերում է գնին, ապա խոզի մսի մանրածախ միջին գինը 2016 թվականին կազմել է 2 հազար 645.1 դրամ մեկ կիլոգրամի համար, մինչդեռ 2015թ-ին մեկ կգ խոզի մսի մանրածախ միջին գինը կազմել է 3 հազար 620.6 դրամ:
Նշենք, որ ԱՎԾ-ի տվյալներով՝ 2016 թվականի Հայաստանում ընդհանուր առմամբ արտադրվել է 82 հազար 918 տոննա միս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.6 տոկոսով: