Վարչապետը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերի ակտիվացմանը վերաբերող հարցեր
«Մենք կարևորում ենք Շվեյցարիայի հետ համագործակցությունը և հետաքրքրված ենք բոլոր բնագավառներում դրա հետագա զարգացմամբ», - ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ այսօր ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերի հետ հանդիպման ժամանակ։
Միևնույն ժամանակ կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել առևտրատնտեսական կապերի աշխուժացումը՝ նշելով, որ այդ ոլորտում չօգտագործված մեծ ներուժ կա:
Կառավարության տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ համագործակցության խթանման և գործարար շփումների ակտիվացման նպատակով վարչապետը կարևորել է օդային ուղիղ կապերի հաստատումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Հայաստանն օգտվում է Շվեյցարիայի կողմից տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) արտոնյալ ռեժիմից:
Ընդգծելով, որ երկու երկրներն ունեն երկարամյա սերտ քաղաքական հարաբերություններ՝ դեսպան Գասերը համակարծիք է եղել, որ տնտեսական համագործակցության ներուժն ավելին է, քան օգտագործվում է, և Շվեյցարիան ևս կարևորում է երկկողմ տնտեսական կապերի խորացումը:
Նա նշել է, որ Հայաստանի տարածաշրջանների զարգացման, կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում ձևավորվել է արդյունավետ գործակցություն,իսկ հումանիտար ոլորտում հայ-շվեյցարական սերտ գործընկերության ձեռքբերումներից է այն, որ Շվեյցարիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է հաջորդ տարի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու մասին: