Կառավարությունը գնում է կտրուկ բարեփոխումների. Դեսպանին վստահեցրել է նախարարը
«Կառավարությունը գնում է կտրուկ բարեփոխումների` նպատակ ունենալով նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը: Լավագույն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է համատեղել կառավարության քայլերն ու հասարակության ցանկությունները»: ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլսի հետ հանդիպմանն ասել է ֆինանսների նախարար վարդան Արամյանը:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Վարդան Արամյանն ընգծել է ՝ կան մի շարք հիմնախնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ արվում են հիմնավոր և կտրուկ քայլեր: Մասնավորապես՝ նա անդրադարձել է տնտեսական կայուն, ներառական աճի ապահովմանը, տեղական ներուժի զարգացմանն ու կատարելագործմանը, մասնագետների համապատասխան վերապատրաստմանը, ինչպես նաև գործող էլեկտրոնային համակարգերի շարունակական կատարելագործմանը:
«Դեսպանատունն արժևորում է ՀՀ ֆինանսների նախարարության հետ իր երկարամյա գործընկերությունը: Մենք նախարարությանը խրախուսում ենք շարունակել պետական գնումների գործընթացի բարելավմանն ուղղված ջանքերը և սատարում ենք նախարարության հանձնառությանը՝ ուղղված նոր հարկային օրենսգրքին առնչվող հարցերով մասնավոր հատվածի հետ աշխատելուն ու ներդրումների ավելացման խոչընդոտ հանդիսացող խնդիրների լուծմանը»,- նշել է Ռիչարդ Միլսը:
Նախարար Վարդան Արամյանը կարևորել է հասարակության հետ հաղորդակցման աստիճանի բարձրացումը՝ ընդգծելով, որ պետք է հաշվի առնել նաև վերջինիս կարծիքը նոր ընդունվող օրենքների վերաբերյալ, փորձել գնալ համագործակցության ճանապարհով:
Հիշեցնենք, օրեր առաջ լրագրողների հետ հանդիպմանը դեսպանը հայտարարեց. «Հակակոռուպցիոն խորհուրդը այնքան առաջընթաց, որքան մենք էինք ակնկալում, չապահովեց: Նախատեսված միջոցների միայն 2.5 տոկոսն է փաստացի հատկացվել»:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ դեսպան. Մարդու իրավունքների ոլորտում անհանգստացնող միտումներ ենք նկատել
- ԱՄՆ դեսպան. Մենք Միացյալ Նահանգների կառավարությունն ենք ներկայացնում, Ջեյմս Բոնդի ֆիլմից չենք