Ի՞նչ փոփոխություններ են արվել «Գնումների մասին» օրենքում
2017թ. հունվարից ներդվել է «Գնումների մասին» նոր օրենքը, որի համաձայն՝ պետական գնումներին մասնակցող անձանց տեխնիկական, որակական և ֆինանսական տվյալները հասանելի են դառնալու բոլորին: Այս մասին այսօր Ծաղկաձորում ընթացող «Պետական գնումների վերաբերյալ» խորագրով սեմինարի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը՝ ներկայացնելով 2016թ. վերջին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունած «Գնումների մասին» ՀՀ օրենքը, որի նպատակն է ապահովել հնարավորինս թափանցիկ, արդյունավետ գնումներ՝ պատկան մարմինների կողմից ցածր գնով ապրանքներ ձեռք բերելու համար:
Կարեն Թամազյանը նշեց, որ բարեփոխման արդյունքում բարձրանում է գնումների ընթացակարգերի թափանցիկության և հրապարակայնության, հետևաբար նաև հասարակության կողմից վերահսկողության աստիճանը, ինչն էլ սահմանափակում է հայտերի գնահատման ժամանակ գնահատող հանձնաժողովի՝ հրավերի պահանջներին չհամապատասխանող հայտ ներկայացրած մասնակիցներին հաղթող ճանաչելու վերաբերյալ սուբյեկտիվ որոշումների կայացումը և ոչ լավագույն առաջարկի ընտրությունը:
«Հնարավոր կոռուպցիոն դեպքերը կանխարգելելու և գնման գործընթացների նկատմամբ հասարակական հսկողությունը բարձրացնելու նպատակով ներդրվում է է գնման գործընթացներում պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց գնումներին մասնակցելու դեպքերը հնարավորինս բացառող համակարգ»,- ասաց Կարեն Թամազյանը:
Ֆինանսների փոխնախարարը նաև նշեց, որ նախատեսվում է ձևավորել անկախ գնումների բողոքարկման համակարգ` խորհրդի ձևով, մինչև երեք անձից բաղկացած, որոնց կնշանակի ՀՀ նախագահը՝ ՀՀ վարչապետի ներկայացմամբ:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էլ նշեց, որ «Գնումների մասին» նոր օրենքով գնումների գործընթացը բավականին պարզեցվել է, մասնավորապես, նվազեցվել են գնումների կատարման ձևերը` գնման յոթ ձևի փոխարեն սահմանվել է չորս ձև, ինչը նպատակաուղղված է գնման ձևերի ընտրության պարզեցմանը: Ներդրվող գնման ձևերն են էլեկտրոնային աճուրդ, գնանշման հարցում, մրցույթ և գնումներ մեկ անձից:
Նախարարը հատկապես կարևորեց էլեկտրոնային աճուրդի ներդրումը, որ թույլ կտա սպեկուլյացիաները վերացնել: Բացի այդ, ըստ նրա, դա «զսպաշապիկ» է, քանի որ այդ հարթակում բոլորի առաջարկությունները ներկայացվում են, և ավելի լավ առաջարկ ներկայացնողը չի կարող դուրս մնալ գործընթացից:
Վարդան Արամյանը նշեց նաև, որ գնումների գործընթացից հանել են բոլոր ձևական պահանջները:
«Ինչքան շատ են ձևական պահանջներ դնում, այնքան կոռուպցիոն ռիսկերի հավանականությունը բարձրանում է»,- ասաց նախարարը: