Ադրբեջանն ու Ուկրաինան կսահմանափակեն Դոնբասից և Լեռնային Ղարաբաղից արտահանված ապրանքների շրջանառությունը
Ուկրաինան և Ադրբեջանը պայմանավորվել են արգելք սահմանել այն ապրանքատեսակների շրջանառության վրա, որոնք արտադրվել են Բաքվի և Կիևի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում և չունեն Ադրբեջանի կամ Ուկրաինայի իշխանությունների կողմից տրամադրված արտոնագիր:
Այս մասին «Ինտերֆաքսի» թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշենկոն:
«Բաքու կատարած այցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը համապատասխան հանձնարարություն են տվել երկու երկրների մաքսային կառույցների ղեկավարներին՝ հանդիպել և քննարկել այն ապրանքատեսակների հարցը, որոնք արտահանվում են օկուպացված տարածքներից: Մաքսային կառույցների ղեկավարները հանդիպել ու մշակել են մեխանիզմ, համաձայն որի այդ տարածքներից արտահանված ապրանքները կարող են մուտք գործել երկրի տարածք, եթե դրանք կրում են Բաքվի և Կիևի կենտրոնական իշխանությունից տրամադրված արտոնագիր»,-ասել է Միշենկոն:
Դեսպանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում արտադրված ապրանքները կարող են հատել Ուկրաինայի սահմանը միայն այն դեպքում, եթե առկա է Բաքվի համաձայնությունը: Նույն մեխանիզմը կիրառվում է Ադրբեջանի կողմից, եթե խոսքը գնում է Դոնբասում արտադրված ապրանքների ներմուծման մասին:
«Համաձայնությունն ուժի մեջ է մտել անմիջապես՝ նախագահների հանձնարարությունից հետո, այսինքն՝ այս հարցում միջպետական համաձայնագրի կնքման անհրաժեշտություն չկա: Անհրաժեշտ համաձայնությունը ստորագրվել է երկու երկրների մաքսային կառույցների ղեկավարների միջև»,-նշել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանը: