Գյուղատնտեսության ոլորտում այս տարի շուրջ 120 մլն դոլարի ներդրում կկատարվի
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել` քննարկելու ընթացիկ տարում գյուղոլորտում ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
«Ամփոփելով կատարված աշխատանքները` կարող ենք արձանագրել, որ 2017 թվականին գյուղատնտեսության ոլորտում ընդհանուր առմամբ իրականացվելու է շուրջ 120 մլն դոլարին համարժեք դրամի ծրագրեր, ներառյալ այն 60 մլն դոլարը, որի վերաբերյալ օրերս հայտարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը: Ներդրումները կուղղվեն պահածոների գործարանի, սպանդանոցների կառուցմանը, ջերմատնային տնտեսությունների ընդլայնմանը, ինտենսիվ այգիների հիմնմանը, կոնյակի արտադրության վերազինմանը և այլ ոլորտների: Սրան կավելանան նաև մարզերի զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնց շուրջ այս պահին ինտենսիվ աշխատանքներ ենք տանում»,-մասնավորապես նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Նախարարը հանձնարարել է պատասխանատուներին վերահսկողություն սահմանել իրենց համակարգման ներքո գտնվող ծրագրերի իրականացման նկատմամբ, ընթացքում առաջացող խնդիրներին լուծումներ տալ, կատարված ծրագրերի շուրջ իրազեկում ապահովել՝ խրախուսելու հավելյալ ներդրումների ներհոսքը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գյուղոլորտի զարգացմանն ուղղված մի շարք այլ հարցեր ևս, պատասխանատուներին տրվել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը, Աշոտ Հարությունյանը, Արմեն Հարությունյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ